Քաղաքացիական ավիացիայի արտանետումների պատճառով աշխարհում ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ են վաղաժամ մահանում, իսկ մինչև 2040 թվականն այս ցուցանիշը կարող է ավելի քան կրկնապատկվել։ Այս եզրահանգմանն են եկել Դելֆտի տեխնիկական և Քեմբրիջի համալսարանների հետազոտողները, որոնց ծավալուն մոդելավորման արդյունքները հրապարակվել են «Communications Earth & Environment» ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինքնաթիռների արտանետումներն ինչպես են ազդում օդի որակի և բնակչության առողջության վրա՝ համեմատելով մթնոլորտային տարբեր մոդելներ (ավիացիայի գործոնով և առանց դրա)։ Հատուկ ուշադրություն է դարձվել ազոտի օքսիդներին, որոնք համարվում են ավիացիայի պատճառով օդի աղտոտման գլխավոր աղբյուրը։
Ինքնաթիռները վնասակար նյութեր են արտանետում թե՛ թռիչքի ու վայրէջքի ժամանակ, և թե՛ մեծ բարձրությունների վրա։ Ընդ որում, արտանետումների մեծ մասը բաժին է ընկնում տրոպոսֆերայի վերին և ստրատոսֆերայի ստորին շերտերին, որտեղից աղտոտող նյութերը կարող են տարածվել հազարավոր կիլոմետրեր՝ նպաստելով երկրորդային աղտոտիչների, այդ թվում՝ PM2.5 մանր դիսպերսային մասնիկների և գետնամերձ օզոնի առաջացմանը։
Հաշվարկների համաձայն՝ 2019 թվականին ավիացիոն արտանետումները մոտ 33 900 մարդու մահվան պատճառ են դարձել (PM2.5 մասնիկների ազդեցության հետևանքով)։ Եվս 24 600 մարդ մահացել է օզոնի, իսկ մոտ 6 700-ը՝ ազոտի երկօքսիդի պատճառով։ Ամենածանր հարվածը բաժին է ընկել Ասիայի խիտ բնակեցված շրջաններին, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մեծ մասը։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ավիացիայի բացասական ազդեցությունը հավասարաչափ չէ. եթե օզոնի խտության բարձրացումը նկատվում է հսկայական տարածքներում, ապա PM2.5-ի աճն ավելի շատ զգացվում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի գերբնակեցված տարածաշրջաններում։ Որոշ շրջաններում օդում առկա մանր մասնիկների ընդհանուր քանակի ավելի քան 2%-ը բաժին է ընկնում հենց ավիացիային։
Հեղինակներն ընդգծում են, որ գլոբալ աղտոտման հիմնական պատճառը ոչ թե օդանավակայանների հարակից տարածքների, այլ հենց թռիչքի ընթացքում ինքնաթիռների արտանետումներն են։ Այդուհանդերձ, խոշոր օդային հանգույցների շրջակայքը շարունակում է բարձր ռիսկային գոտի մնալ՝ հատկապես ազոտի երկօքսիդով աղտոտվածության պատճառով։
Հետազոտողների կանխատեսմամբ՝ եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա նույնիսկ ոլորտի զարգացման բազային սցենարի դեպքում մինչև 2040 թվականը ավիացիոն արտանետումների հետևանքով վաղաժամ մահերի թիվը կարող է կտրուկ աճել՝ PM2.5 մասնիկների պատճառով հասնելով տարեկան 68 հազարի, իսկ օզոնի պատճառով՝ 54 հազարի։ Իսկ եթե ավիափոխադրումների ծավալներն ավելի արագ տեմպերով աճեն, ապա այդ ցուցանիշները կարող են հասնել համապատասխանաբար 83 800 և 66 300 մահվան դեպքի (յուրաքանչյուր տարի)։
Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ նույնիսկ էկոլոգիապես ավելի մաքուր ավիավառելիքի անցնելը լիովին չի լուծում խնդիրը։ Նման վառելիքն օգնում է նվազեցնել ոլորտի ածխածնային հետքը, սակայն այն գրեթե չի վերացնում ազոտի օքսիդների արտանետումները։ Մինչդեռ հենց այս միացություններն են առանցքային դեր խաղում մարդու առողջության համար վտանգավոր աղտոտիչների առաջացման գործում։
Հեղինակները նշում են, որ հստակ թվերը կախված են կիրառված մոդելներից ու ռիսկերի գնահատման մեթոդներից, ուստի իրական պատկերը կարող է որոշակիորեն տարբերվել։ Այդուամենայնիվ, ընդհանուր հետևությունը մնում է անփոփոխ. առանց ազոտի օքսիդների արտանետումների կրճատմանն ուղղված լրացուցիչ քայլերի՝ ավիացիայի վնասակար ազդեցությունը մարդկանց առողջության վրա միայն կավելանա (թռիչքների ծավալների և մոլորակի բնակչության աճին զուգահեռ)։






