MAPLE-HCM երրորդ փուլի կլինիկական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աֆիկամտեն դեղամիջոցը զգալիորեն ավելի արդյունավետ է, քան մետոպրոլոլը՝ ախտանշանային օբստրուկտիվ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայով (HOCM) բուժառուների շրջանում ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիությունը բարելավելու հարցում: Գիտական աշխատանքը հրապարակվել է JAMA Cardiology բժշկագիտական հանդեսում:
Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան սրտի ամենատարածված ժառանգական հիվանդությունն է, որից տառապում է մոտավորապես 250 մարդուց մեկը: Հիվանդությունը բնութագրվում է սրտամկանի ախտաբանական հաստացմամբ, ինչը կարող է խոչընդոտել արյան բնականոն հոսքին և սահմանափակել սրտի՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ արդյունավետ աշխատելու ունակությունը: Դա հանգեցնում է շնչարգելության, կրծքավանդակի ցավի, արագ հոգնածության և ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության նվազման:
Ավելի քան 50 տարի շարունակ օբստրուկտիվ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի բուժման առաջին գծի դեղամիջոցներ են համարվել բետա-պաշարիչները, դրանց թվում՝ մետոպրոլոլը: Սակայն նոր տվյալները վկայում են, որ սրտային միոզինի արգելակիչների դասին պատկանող աֆիկամտենը կարող է ավելի արդյունավետ այլընտրանք դառնալ:
Պատահականացված հետազոտությանը մասնակցել է հիվանդության ախտանշանային ձևով և ֆիզիկական ծանրաբեռնվածության ցածր տանելիությամբ 175 բուժառու: 24 շաբաթվա ընթացքում մասնակիցներն ամեն օր ստացել են կամ աֆիկամտեն՝ 5–20 մգ դեղաչափով, կամ մետոպրոլոլ՝ 50–200 մգ դեղաչափով:
Մետոպրոլոլի համեմատ՝ աֆիկամտենը զգալիորեն բարելավել է ֆիզիկական աշխատունակության միանգամից մի քանի ցուցանիշ: Բուժառուների շրջանում մեծացել է թոքերի օդափոխության արդյունավետությունը, ավելացել է թթվածնի սպառումը անաերոբ շեմի դեպքում, աճել է թթվածնի առավելագույն սպառումը, ինչպես նաև մեծացել են առավելագույն կատարվող ծանրաբեռնվածությունն ու ֆիզիկական ակտիվության տևողությունը: Մետոպրոլոլի խմբում, ընդհակառակը, այդ ցուցանիշների մեծ մասը վատթարացել է:
Բացի դրանից, աֆիկամտեն ստացած բուժառուներն ավելի արագ են վերականգնվել ծանրաբեռնվածությունից հետո: Ֆիզիկական վարժությունների ավարտից հետո թթվածնի սպառման նվազման համար անհրաժեշտ ժամանակը մոտավորապես 11 վայրկյանով պակաս է եղել, քան մետոպրոլոլ ընդունած բուժառուների շրջանում:
Հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ աֆիկամտենը գերազանցում է մետոպրոլոլին ֆիզիկական ծանրաբեռնվածության գրեթե բոլոր փուլերում, ինչը հնարավորություն է տալիս դիտարկել այդ դեղամիջոցը որպես հնարավոր առաջին գծի թերապիա օբստրուկտիվ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայով բուժառուների համար:
Հետազոտության արդյունքները հայտնվել են այս հիվանդության հանդեպ աճող ուշադրության ֆոնին, ինչին նպաստել են նաև հանրային հայտարարությունները, դրանց թվում՝ NBA-ի խաղացող Ջարեդ Բաթլերի պատմությունը, որը պատմել է բժշկական հետազոտության ժամանակ իր մոտ հայտնաբերված հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա ախտորոշման մասին:
Հետազոտողների կարծիքով՝ ավանդական բետա-պաշարիչներից անցումը ժամանակակից սրտային միոզինի արգելակիչներին, ինչպիսին է աֆիկամտենը, կարող է կարևոր քայլ առաջ լինել հիվանդության բուժման մեջ՝ հնարավորություն տալով զգալիորեն բարելավել բուժառուների ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիությունը, ամենօրյա ակտիվությունն ու կյանքի որակը:






