Ճապոնիա Ցուկուբայի համալսարանի  գիտնականները պարզել են, որ ամենօրյա քայլերի քանակի ավելացումը նպաստում է հեռավար կամ հիբրիդային ձևաչափով աշխատող աշխատակիցների ավելի բարձր արդյունավետությանը։ Այդ ազդեցությունը բացատրվում է սթրեսային ռեակցիաների նվազմամբ։ Աշխատությունը հրապարակվել է American Journal of Health Promotion բժշկագիտական հանդեսում:

ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո հեռավար և հիբրիդային զբաղվածությունը լայնորեն տարածվեց։ Չնայած այդ ձևաչափերը կրճատում են ճանապարհի վրա ծախսվող ժամանակը և մեծացնում ճկունությունը, դրանք հանգեցնում են նաև աշխատանքի և անձնական կյանքի միջև սահմանների ջնջմանը, նստակյաց ժամանակի ավելացմանը և առօրյա ակտիվության նվազմանը։ Այդ փոփոխություններն իրենց հերթին ի վիճակի են ուժեղացնել սթրեսը և նվազեցնել աշխատանքի արդյունավետությունը։

Հետազոտությանը մասնակցել է 100 ճապոնացի աշխատակից, որոնք շաբաթական առնվազն մեկ օր աշխատել են հեռավար կարգով։ Գիտնականները վերլուծել են նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակը, սթրեսային արձագանքները և աշխատանքային արդյունավետության ցուցանիշները։   

Արդյունքները ցույց են տվել, որ ամենօրյա քայլերի ավելի մեծ քանակը նպաստում սթրեսի մակարդակի նվազեցմանը, իսկ ավելի բարձր սթրեսն իր հերթին նույնացվում է ավելի ցածր արդյունավետության հետ։ Վիճակագրական վերլուծությունը պարզել է, որ քայլերի քանակի ազդեցությունն աշխատանքի արդյունավետության վրա տեղի է ունենում միջնորդավորված կերպով՝ սթրեսային արձագանքների նվազեցման միջոցով։

Ընդ որում, ակտիվության մյուս պարամետրերը նմանատիպ կապ ցույց չեն տվել. թեթև ֆիզիկական ակտիվությունը, չափավոր ու ինտենսիվ ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև նստակյաց վիճակում անցկացրած ընդհանուր ժամանակը սթրեսի միջոցով արդյունավետության վրա նշանակալի անուղղակի ազդեցություն չեն դրսևորել։

Այսպիսով, հենց օրվա ընթացքում կանոնավոր քայլքը, այլ ոչ թե առանձին մարզումները կամ ակտիվության ընդհանուր մակարդակը, ի վիճակի է առանցքային դեր խաղալ սթրեսի նվազեցման և հեռավար աշխատողների արդյունավետության բարելավման գործում։