Scientific Reports ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականներն իրականացրել են դեղագործական միացությունների բարձր արտադրողականությամբ ֆենոտիպային սկրինինգ (ընտրողական ստուգում)՝ օգտագործելով կենդանի Պուումալա վիրուսը (PUUV): Աշխատանքի նպատակն է արագացնել օրթոհանտավիրուսներով հարուցված հիվանդությունների դեմ բուժման որոնումը:
Հետազոտության շրջանակներում փորձարկվել է 5256 միացություն, որոնցից հաջողվել է առանձնացնել 70 հաստատված թերապևտիկ թեկնածու, որոնք ընդունակ են ընկճել վարակը մարդու թոքերի բջիջներում և անոթների էնդոթելային բջիջներում: Այս դեղամիջոցներն ազդում են տիրոջ այն մեխանիզմների վրա, որոնք անհրաժեշտ են վիրուսին բազմացման համար, և ներառում են նյութերի ինչպես սպասված, այնպես էլ անսպասելի դասեր, այդ թվում՝ որոշ հակաբիոտիկներ:
Օրթոհանտավիրուսները մարդուն են փոխանցվում կրծողների արտաթորանքներով աղտոտված աերոզոլների (օդակաթիլային ճանապարհով) միջոցով և կարող են առաջացնել ծանր հիվանդություններ: Դրանց թվում են երիկամային համախտանիշով հեմորագիկ տենդը (ԵՀՀՏ), որը տարածված է Եվրոպայում ու Ասիայում, ինչպես նաև հանտավիրուսային թոքային համախտանիշը (HPS), որը բնորոշ է Ամերիկային և ունի մինչև 30-40 տոկոս մահացություն:
Եվրոպայում ԵՀՀՏ-ի հիմնական հարուցիչը Պուումալա վիրուսն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է 1980 թվականին: Չնայած տասնամյակների հետազոտություններին՝ դրա դեմ հաստատված պատվաստանյութեր կամ հատուկ (սպեցիֆիկ) դեղամիջոցներ գոյություն չունեն, և բուժումը հիմնականում մնում է ախտանշանային:
Նոր հետազոտության մեջ գիտնականները մշակել են կենդանի բջիջների միկրոսկոպիկ վերլուծության ավտոմատացված համակարգ, որը թույլ է տալիս բարձր արտադրողականության ռեժիմով հետևել մարդու բջիջների հետ վիրուսի փոխազդեցությանը: Սկրինինգն իրականացվել է երկու փուլով. նախ՝ թոքերի էպիթելային բջիջների, այնուհետև՝ անոթների էնդոթելային բջիջների վրա, որոնք հատկապես կարևոր են, քանի որ վիրուսն ախտահարում է անոթային համակարգը:
Բջիջները հետազոտվող նյութերով մշակելուց հետո դրանք վարակել են կենդանի Պուումալա վիրուսով և 24 ժամ անց վերլուծել ֆլուորեսցենտային միկրոսկոպիայի միջոցով: Ծրագրային վերլուծությունը թույլ է տվել ճշգրիտ գնահատել վարակվածության մակարդակը և բջիջների կենսունակությունը:
Ավելի քան հինգ հազար միացություններից 151 նյութ ցույց է տվել վիրուսային ակտիվությունը նվազեցնելու հատկություն, իսկ ևս 23 միացություն, անսպասելիորեն, ուժգնացրել է վարակը: Արդյունքում, լրացուցիչ ստուգումից հետո, հաստատվել են 70 ամենահեռանկարային թեկնածուները:
Հեղինակներն ընդգծում են, որ ամենահեռանկարային միացությունների թվում կան արդեն իսկ հաստատված դեղամիջոցներ, ինչը կարող է արագացնել դրանց վերապրոֆիլավորումը (նոր նպատակով օգտագործումը) հանտավիրուսային վարակների բուժման համար: Հետազոտությունն առաջարկում է բուժման որոնման համակարգված մոտեցում՝ հիմնված վիրուսի և բջջի փոխազդեցության վերլուծության, այլ ոչ թե միայն առանձին վարկածների վրա:






