Նոր տվյալները ցույց են տալիս, որ սեմագլուտիդը և GLP-1 դասի մյուս դեղամիջոցները (օրինակ՝ Ozempic-ը և Wegovy-ն) իվիճակի են նվազեցնել լուրջ բարդությունների վտանգը 2-րդ տիպի շաքարախտ և ծայրամասային զարկերակների ծանր ախտահարում (PAD) ունեցող բուժառուների մոտ։ Դրա մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American Heart Association բժշկագիտական հանդեսում։
PAD հիվանդության դեպքում զարկերակները նեղանում են ճարպային կուտակումների պատճառով, ինչը վատթարացնում է վերջույթների՝ առավել հաճախ ոտքերի արյունամատակարարումը։ Այն կարող է առաջացնել ցավ քայլելիս, դանդաղ լավացող վերքեր, իսկ ծանր դեպքերում՝ վերջույթների ծայրահեղ իշեմիա, երբ խանգարվում է արյան հոսքը և անդամահատման վտանգ է առաջանում։
2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց շրջանում PAD-ը հանդիպում է զգալիորեն ավելի հաճախ, քան ընդհանուր բնակչության շրջանում։ Այդ հիվանդությունների համակցումը էապես մեծացնում է սիրտ-անոթային բարդությունների, անդամահատումների և վաղաժամ մահացության վտանգը։
PAD-ի ստանդարտ բուժումը ներառում է կենսակերպի փոփոխություն և դեղորայքային թերապիա՝ ուղղված արյան շրջանառության բարելավմանը և բարդությունների նվազեցմանը։
Գիտնականներն ուսումնասիրել են TriNetX էլեկտրոնային բժշկական տվյալների բազայի տեղեկությունները։ Նրանք համեմատել են GLP-1 դեղամիջոցներ ստացող 2,133 բուժառուների և նույնքան բուժառուների տվյալներ, ովքեր ստացել են միայն մետֆորմին։
Արդյունքները ցույց են տվել, որ GLP-1 թերապիա ստացող բուժառուների շրջանում, մետֆորմինի խմբի համեմատ, դիտվել է․
- ցանկացած պատճառով մահվան 26%-ով ավելի ցածր վտանգ,
- 13%-ով պակաս հոսպիտալացում,
- անդամահատումների մինչև 48%-ով ավելի ցածր վտանգ,
- ոտքերի անոթներում արյան հոսքի վերականգնման վիրահատությունների մոտ 36%-ով պակաս քանակ։
Ամենամեծ ազդեցությունն արձանագրվել է PAD-ի առավել ծանր ձև՝ վերջույթների կրիտիկական իշեմիա ունեցող բուժառուների, ինչպես նաև ճարպակալում ունեցող մարդկանց մոտ։
Հետազոտողները հնարավոր ազդեցությունը կապում են այն հանգամանքի հետ, որ GLP-1 դեղամիջոցները ոչ միայն բարելավում են շաքարի վերահսկումը և նպաստում քաշի նվազեցմանը, այլև կարող են նվազեցնել բորբոքումը, բարելավել անոթների ֆունկցիան ու արյան հոսքը։
Միաժամանակ, հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը դիտողական բնույթ է կրում և պատճառահետևանքային կապը չի ապացուցում։ Արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են պատահականացված կլինիկական փորձարկումներ։
Ընդսմին, գիտնականները կարծում են, որ ստացված տվյալները կարող են մատնանշել բարձր վտանգի խմբում գտնվող բուժառուների անոթների և վերջույթների համար GLP-1 դեղամիջոցների հնարավոր պաշտպանիչ դերը։






