Չիկագոյի Իլինոյսի համալսարանի (UIC) գիտնականները հայտնաբերել են մի մեխանիզմ, որը կարող է բացատրել, թե ինչու սալմոնելա բակտերիաներով վարակումը որոշ մարդկանց մոտ սահմանափակվում է միայն աղիքային ախտանիշներով, իսկ մյուսների օրգանիզմում վերածվում է կյանքի համար վտանգավոր վարակի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Experimental Medicine բժշկագիտական հանդեսում:

Սալմոնելա բակտերիաները քաջ հայտնի են որպես սննդային թունավորումների հիմնական պատճառներից մեկը: Դրանք կարող են գտնվել հում մսի և թռչնամսի մեջ, ընտանի կենդանիների վրա, ինչպես նաև չպաստերիզացված կաթնամթերքի մեջ: Դեպքերի մեծ մասում վարակն առաջացնում է լուծ, փսխում և ցավեր որովայնի շրջանում, սակայն ծանր ընթացքի ժամանակ բակտերիաներն ընդունակ են թափանցել արյան հոսքի մեջ և համակարգային վարակներ, ընդհուպ՝ որովայնային տիֆ առաջացնել:

UIC բժշկական ֆակուլտետի ֆարմակոլոգիայի և ռեգեներատիվ բժշկության պրոֆեսոր Քիվուկ Քիմը որոշել է պարզել, թե ինչու է իմունային համակարգը երբեմն հաջողությամբ պահում վարակն աղիքներում, իսկ երբեմն չի կարողանում հաղթահարել բակտերիաների տարածումը:

Գիտնականները պարզել են, որ այս գործընթացում կարևոր դեր է խաղում միջընդերքը՝ որովայնի խոռոչի խոշոր օրգանը, որն ունի մոտ 1,8 մետր երկարություն, պարուրաձև տեսք և կապում է աղիքները մյուս ներքին օրգանների հետ: Չնայած այն հանգամանքին, որ միջընդերքը կապված է աղիքների, լյարդի, փայծաղի և ենթաստամոքսային գեղձի հետ, դրա ստույգ գործառույթները մինչ օրս դեռևս բավարար չափով չեն ուսումնասիրվել:

Մկների վրա կատարված փորձերի ընթացքում հետազոտողները պարզել են, որ միջընդերքի իմունային բջիջներն ընդունակ են վերահսկել սալմոնելայի տարածումը օրգանիզմում: Հատկապես կարևոր են գտնվել բջիջների երկու տեսակներ՝ մակրոֆագերը և մոնոցիտները:

Մակրոֆագերը գտնվում են հյուսվածքներում և օտարածին միկրոօրգանիզմների ու վնասված բջիջների «կլանողների» դեր են կատարում: Մոնոցիտները շրջանառվում են արյան մեջ և ուղղվում են դեպի բորբոքման կամ վարակի օջախներ:

Պարզվել է, որ այս բջիջների միջև փոխազդեցությունն օգնում է կանգնեցնել բակտերիաների տարածումը: Երբ հետազոտողները սալմոնելայի վարակի ժամանակ հեռացնում էին միջընդերքի մակրոֆագերը, այդ օրգանը սկսում էր մեծ քանակությամբ մոնոցիտներ ներհոսել արյան միջից:

Գիտնականներն այս գործընթացը համեմատել են ակումբի մուտքի մոտ գտնվող պահպանության աշխատանքի հետ. մակրոֆագերը կարծես թե կարգավորում են իմունային բջիջների հոսքը՝ ներս թողնելով անհրաժեշտ քանակությունը, բայց թույլ չտալով չափից ավելի կուտակում, որը կարող է վնասել հյուսվածքները:

Քիմի ՝ միջընդերքում մակրոֆագերի և մոնոցիտների փոխազդեցության հասկացումը կարող է օգնել գիտնականներին սովորել կառավարել իմունային ռեակցիաները և աղիքային վարակների բուժման նոր մեթոդներ մշակել: