Միջազգային հետազոտական խումբն արյան մեջ հայտնաբերել է նոր կենսամարկեր, որն ընդունակ է հայտնաբերել թոքերի քաղցկեղը վաղ փուլերում և օգնել գնահատել բուժումից հետո հիվանդության վերադարձի ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Extracellular Vesicles բժշկագիտական հանդեսում:

Կորեայի համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ GCC2 (GRIP and coiled-coil domain-containing protein 2) սպիտակուցը, որը պարունակվում է արյան մեջ շրջանառվող փոքր արտաբջջային վեզիկուլներում, թոքերի վաղ ադենոկարցինոմայի դեպքում կարող է որպես ախտորոշիչ և կանխատեսող ցուցիչ օգտագործվել:

Թոքերի քաղցկեղը շարունակում է մնալ ամբողջ աշխարհում ուռուցքաբական հիվանդություններից մահացության հիմնական պատճառներից մեկը: Միաժամանակ, վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Սակայն սկզբնական փուլերում հիվանդությունը հաճախ ընթանում է գործնականում առանց ախտանիշների, իսկ ավանդական եղանակները՝ համակարգչային տեսապատկերումը և հյուսվածքների կենսազզնումը, սահմանափակումներ ունեն վաղ փուլում ուռուցքի հայտնաբերման և հետագա կանխատեսման գնահատման հարցում:

Այդ խնդիրը լուծելու համար հետազոտողներն ուշադրություն են դարձրել փոքր արտաբջջային վեզիկուլների (sEV) վրա. դրանք միկրոսկոպիկ մասնիկներ են, որոնք արտազատում են օրգանիզմի բջիջները և մոլեկուլային տեղեկություն փոխանցում հյուսվածքների վիճակի մասին: Դրա շնորհիվ դրանք դիտարկվում են որպես կենսամարկերների հեռանկարային աղբյուր այսպես կոչված հեղուկ կենսազննման՝ արյան հետազոտության ախտորոշման համար:

Բազմակենտրոն հետազոտության շրջանակում Հարավային Կորեայի հինգ հիվանդանոցների մասնագետներն ուսումնասիրել են 470 մարդու արյան պլազմայի նմուշները՝ 150 առողջ մասնակցի և թոքերի ադենոկարցինոմայով 320 բուժառուի:

Վերլուծությունը ցույց է տվել, որ թոքերի քաղցկեղով բուժառուների արյան մեջ sEV-GCC2-ի մակարդակը զգալիորեն ավելի բարձր է եղել, քան առողջ մարդկանց մոտ: Կենսամարկերը ցուցադրել է ախտորոշման բարձր ճշգրտություն. այն թույլ էր տալիս տարբերել ուռուցքով բուժառուներին առողջ մասնակիցներից արդյունավետության AUC = 0,904 ցուցանիշով, ինչը վկայում է հիվանդության վաղ հայտնաբերման մեծ ներուժի մասին:

Պարզվել է, որ բացի ախտորոշիչ գործառույթից, ցուցանիշը կապված է նաև հիվանդության կանխատեսման հետ։ Վիրահատությունից առաջ sEV-GCC2-ի բարձր մակարդակ ունեցող բուժառուների շրջանում ավելի հաճախ է դիտվել ուռուցքի կրկնակի զարգացում: Դա նշանակում է, որ այս հետազոտությունն ապագայում կարող է բժիշկներին օգնել գնահատելու ռեցիդիվի ռիսկը և ընտրել բուժման ավելի անհատականացված ռազմավարություն:

Բջջային և կենդանական մոդելների վրա կատարված լրացուցիչ փորձերը ցույց են տվել, որ GCC2-ը կարող է մասնակցել ոչ միայն քաղցկեղի հայտնաբերմանը, այլև դրա զարգացմանը: Պարզվել է նաև, որ սպիտակուցը կապված է քաղցկեղային բջիջների բազմացման, ուռուցքի աճի և հիվանդության դեպի ավշային հանգույցներ տարածման հետ:

Այսպիսով, GCC2-ը կարող է դառնալ ոչ միայն ախտորոշիչ մարկեր, այլև հնարավոր թիրախ՝ թոքերի քաղցկեղի ագրեսիվ ձևերի դեմ նոր դեղամիջոցների ստեղծման համար:

Ըստ Կորեայի համալսարանի պրոֆեսոր Հյոն Կու Քիմի՝ այս բացահայտումը կարող է օգնել հիվանդության ռիսկի գնահատման, վիրահատությունից առաջ և հետո բուժման պլանավորման հարցում, ինչպես նաև ճանապարհ բացել թիրախային թերապիայի մշակման համար, որն ուղղված կլինի անմիջապես GCC2-ի դեմ: