Կառլոս III-ի անվան Սիրտ-անոթային հետազոտությունների ազգային կենտրոնի (CNIC) հետազոտողները՝ միջազգային գիտական խմբի հետ համատեղ, հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի՝ սրտի ամենատարածված ժառանգական հիվանդության զարգացմանը մասնակցող նոր մոլեկուլային մեխանիզմ են հայտնաբերել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cardiovascular Research բժշկագիտական հանդեսում:
Հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիան երիտասարդների և մարզիկների շրջանում հանկարծակի սրտային մահվան գլխավոր պատճառներից մեկն է։ Ըստ համաճարակաբանական հետազոտությունների տվյալների՝ հիվանդությունը հանդիպում է ընդհանուր բնակչության մոտավորապես 250–500 մարդուց մեկի մոտ: Միայն Իսպանիայում այս ախտորոշմամբ շուրջ 95 հազար մարդ է ապրում։
Այդ հիվանդության ժամանակ տեղի է ունենում սրտամկանի անոմալ հաստացում և կարդիոմիոցիտների՝ սրտի յուրաքանչյուր զարկի ուժն ապահովող բջիջների չափից ավելի կծկում: Դրա պատճառով կարող է խաթարվել սրտից արյան արտամղումը, իսկ չափազանց ուժեղ կծկումները կարող են ռիթմի վտանգավոր խանգարումներ առաջացնել:
Հիվանդության պատճառ հիմնականում դառնում են սարկոմերային սպիտակուցները կոդավորող գեների մուտացիաները. դա այն մոլեկուլային մեխանիզմն է, որը պատասխանատու է սրտամկանի կծկման համար: Ամենահաճախ ախտահարվողներից մեկը MYBPC3 գենն է, որը պատասխանատու է սրտային միոզին-կապող C սպիտակուցի (cMyBP-C) արտադրության համար:
Նոր հետազոտությունն օգնել է հասկանալ, թե ինչպես է զարգանում այս գենի մուտացիաների խմբերից մեկը: Ըստ աշխատության առաջին հեղինակ Լաուրա Սեն-Մարտինի՝ ի տարբերություն ամենատարածված մուտացիաների, այս տարբերակը չի նվազեցնում սպիտակուցի քանակը բջիջներում, այլ խախտում է սրտի մյուս սպիտակուցների հետ փոխազդելու դրա ունակությունը:
Մեխանիզմն ուսումնասիրելու համար գիտնականները ստեղծել են մկների մոդել՝ cMyBP-C սպիտակուցում R502W մուտացիայի տարբերակով: Վերլուծությունը ցույց է տվել, որ այդ մուտացիան նվազեցնում է սպիտակուցի՝ միոզինին կապվելու ունակությունը. վերջինս այն մոլեկուլային «շարժիչն» է, որն ապահովում է սրտի կծկումը: Հենց այդ խանգարումն էլ դարձել է բուժառուների մի մասի մոտ հիվանդության զարգացման նախկինում անհայտ մեխանիզմը:
Հետազոտողները ստուգել են նաև հատուկ հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիայի բուժման համար ստեղծված առաջին դեղամիջոցի՝ mavacamten-ի ազդեցությունը: Դեղամիջոցն ազդում է միոզինի վրա՝ կարգավորելով դրա ակտիվությունը և նվազեցնելով սրտամկանի չափից ավելի կծկումը:
Փորձերը ցույց են տվել, որ բուժումը կանգնեցրել է սրտի կառուցվածքի ախտաբանական փոփոխությունը ինչպես R502W մուտացիայով մկների, այնպես էլ cMyBP-C սպիտակուցի լիակատար կորուստ ունեցող մոդելների շրջանում: Ընդ որում, R502W մուտացիայով մկների մոտ բարելավվել է ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիությունը: Ազդեցությունը հաստատվել է նաև մարդու՝ արհեստականորեն լաբորատոր պայմաններում աճեցված սրտային հյուսվածքի վրա, որը ստացվել է ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից:
Գիտնականները նշում են, որ mavacamten-ի արդյունավետությունը կախված չէ հիվանդությունն առաջացնող մուտացիայի կոնկրետ տեսակից: Դա ընդլայնում է այն բուժառուների շրջանակը, որոնք պոտենցիալ կերպով կարող են օգուտ ստանալ այդ բուժումից:






