Նոր հետազոտությունը պոտենցիալ կապ է բացահայտել լնդերի հիվանդությունների և սրտի փականների հիվանդությունների ամենատարածված ձևերից մեկի միջև։ Գիտնականները ենթադրում են, որ պարոդոնտիտ (լնդաբորբ) առաջացնող բակտերիաները կարող են նպաստել աորտալ փականի կալցիֆիկացնող ստենոզի (CAVS) զարգացմանը՝ հրահրելով բորբոքում և կալցիումի կուտակում սրտի փականում։
Աշխատության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի «Basic Cardiovascular Sciences Scientific Sessions 2026» գիտական նստաշրջանում, որն անցկացվում է Բոստոնում հուլիսի 13-ից 16-ը։ Չնայած եզրակացությունների նախնական բնույթին՝ հետազոտողները կարծում են, որ այս բացահայտումը կարող է օգնել այս լուրջ հիվանդության կանխարգելման և բուժման նոր մոտեցումների որոնման գործում։
Աորտալ փականի կալցիֆիկացնող ստենոզը զարգանում է, երբ աորտալ փականն աստիճանաբար հաստանում է և պատվում կալցիումի կուտակումներով, ինչի հետևանքով խաթարվում է սրտից դեպի օրգաններ
Գիտնականները հայտնաբերել են հնարավոր մեխանիզմը, որը կապում է լնդերի քրոնիկական վարակը սրտի փականի վնասման հետ։ Հետազոտողների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել Porphyromonas gingivalis (P. gingivalis) բակտերիայի վրա, որն առանցքային դեր է խաղում պարոդոնտիտի զարգացման գործում՝ առաջացնելով բորբոքում և լնդերի հյուսվածքների քայքայում։
Ավելի վաղ իրականացված հետազոտությունները նույնպես կապել էին այս բակտերիան օրգանիզմի համակարգային բորբոքման և սրտանոթային հիվանդությունների՝ ներառյալ աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացման և սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկի հետ։
Գիտնականներն ուսումնասիրել են սրտի փականների հյուսվածքների նմուշներ, որոնք վերցվել են փականի փոխարինման վիրահատության ենթարկված պացիենտներից։ Նրանք CAVS (աորտալ փականի կալցիֆիկացնող ստենոզ) ունեցող մարդկանց կալցիֆիկացված աորտալ փականները համեմատել են սրտի փականների այլ հիվանդություններ ունեցող պացիենտների հյուսվածքների հետ։
«Մենք զարմացած էինք, թե որքան շատ P. gingivalis կար կալցիֆիկացված աորտալ փականներում», — հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, Չինաստանի բժշկական գիտությունների ակադեմիային կից Սրտանոթային հիվանդությունների ազգային կենտրոնի և Պեկինի բժշկական քոլեջի Սրտանոթային հիվանդությունների պետական առանցքային լաբորատորիայի սրտաբանության բաժանմունքի ասպիրանտ Չենգյան Լին։
«Թեև այս բակտերիան հայտնաբերված միկրոօրգանիզմների շրջանում ամենատարածվածը չէր, հենց այն ցույց տվեց CAVS-ով և առանց այդ հիվանդության փականների միջև ամենազգալի տարբերություններից մեկը։ Այս անսպասելի բացահայտումը ստիպեց մեզ ուսումնասիրել դրա հնարավոր դերը CAVS-ի զարգացման գործում», — հավելել է հետազոտողը։
Բակտերիայի ազդեցության մեխանիզմը հասկանալու համար գիտնականները փորձեր են անցկացրել մկների վրա։ Այն կենդանիների մոտ, որոնք ենթարկվել են կենդանի P. gingivalis-ի ազդեցությանը, բակտերիաները կուտակվել են աորտալ փականում, մեծացել են կալցիումի կուտակումները և ի հայտ են եկել աորտալ փականի ստենոզի նմանվող նշաններ։ Հակաբիոտիկների կանխարգելիչ կիրառումը նվազեցրել է այս ազդեցությունները։
Հետազոտողները նաև պարզել են, որ բակտերիան ակտիվացնում է ինտերլեյկին-1 բետան (IL-1β)՝ բորբոքային մոլեկուլ, որն արտադրվում է հիմնականում իմունային բջիջների կողմից։ Այս բորբոքային ուղու գենետիկական հեռացումը զգալիորեն նվազեցրել է փականի կալցիֆիկացումը և հիվանդության զարգացումը։
Գիտնականներն ընդգծում են, որ բերանի խոռոչի առողջության պահպանումը կարող է նշանակություն ունենալ ոչ միայն ստոմատոլոգիական խնդիրների կանխարգելման համար։
«Գլխավոր եզրակացությունը պարզ է՝ հոգ տարեք բերանի խոռոչի առողջության մասին», — ասել է Լին։ «Բերանի խոռոչի լավ հիգիենան և պարոդոնտի հիվանդությունների բուժումը կարևոր են ընդհանուր առողջության համար և կարող են օգտակար լինել նաև սրտանոթային համակարգին»։






