Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր ինտենսիվության կենտրոնացված ուլտրաձայնի (HIFU) կիրառմամբ պրոցեդուրան կարող է անվտանգ և ոչ ինվազիվ (առանց վիրահատական միջամտության) մեթոդ  դառնալ ֆետո-ֆետալ տրանսֆուզիայի համախտանիշի (ՖՖՏՀ) բուժման համար։ Այս համախտանիշը միաձվանի երկվորյակներով հղիության հազվադեպ հանդիպող, բայց լուրջ բարդացում է։

Կլինիկական վաղ հետազոտությունը, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայից ու Եվրոպայից պացիենտներ և որը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի Բժշկական հետազոտությունների խորհրդի (MRC) կողմից, համարվում է աշխարհում առաջին փորձարկումը մարդկանց վրա՝ ՖՖՏՀ-ի վաղ զարգացման փուլում այս ուլտրաձայնային տեխնոլոգիայի կիրառմամբ։ Աշխատանքն իրականացրել են Լոնդոնի Կայսերական քոլեջի և «Imperial College Healthcare NHS Trust» համալսարանական հոսպիտալի հետազոտողները։

Ֆետո-ֆետալ տրանսֆուզիայի համախտանիշը զարգանում է ընդհանուր ընկերք ունեցող միաձվանի երկվորյակներով հղիությունների մոտ 10–15%-ի դեպքում։ Մեծ Բրիտանիայում տարեկան գրանցվում է նման շուրջ 300–400 դեպք։

Այս հիվանդության ժամանակ խախտվում է երկու երեխաների միջև արյան հոսքի հավասարակշռությունը. երկվորյակներից մեկը չափից շատ արյուն է ստանում, իսկ մյուսը՝ ոչ բավարար։ Առանց բուժման՝ այս վիճակը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել երկու երեխաների մոտ էլ, ներառյալ՝ օրգանների անբավարարություն, իսկ ամենածանր դեպքերում՝ մեկ կամ երկու երկվորյակների մահ։

Այսօր ՖՖՏՀ-ի բուժման հիմնական մեթոդը ֆետոսկոպիկ լազերային վիրահատությունն է։ Բժիշկները արգանդի մեջ հատուկ բարակ գործիք են մտցնում և լազերի օգնությամբ փակում ընկերքի մակերեսին գտնվող ախտաբանական անոթային կապերը, որոնցով էլ տեղի է ունենում երկվորյակների միջև արյան անհավասարաչափ փոխանակումը։

Չնայած այս պրոցեդուրայի բարձր արդյունավետությանը, այն պահանջում է փոքրիկ կտրվածք մոր որովայնի շրջանում և կարող է վնասել պտղապարկը՝ մեծացնելով հղիության կորստի ռիսկը։

Նոր մեթոդը հիմնված է ուլտրաձայնային հսկողության կիրառման վրա։ Դոպլերային ուլտրաձայնային հետազոտության (ՈւԴՀ) օգնությամբ բժիշկները որոշում են ընկերքի այն մանրագույն անոթները, որոնք միացնում են երկու երեխաների արյան շրջանառությունը։ Այնուհետև արտաքին աղբյուրն ուղղորդում է բարձր էներգիայի ձայնային ալիքներ, որոնք տաքացնում և արգելափակում են այդ անոթները՝ օգնելով վերականգնել արյան հոսքի հավասարակշռությունը։

Հետազոտությանը մասնակցել է 12-ից 17 շաբաթական հղիություն ունեցող 10 կին։ Գիտնականները պարզել են, որ մշակված ընկերքային անոթների 90%-ում պրոցեդուրան թույլ է տվել հաջողությամբ դադարեցնել արյան հոսքը։ Մայրերի և ապագա երեխաների մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չի հայտնաբերվել, իսկ 20 պտղից 18-ը բուժումից երկու շաբաթ անց լիովին առողջ են եղել։

«Սա չափազանց հեռանկարային հետազոտություն է, որն առաջին անգամ հաստատել է, որ այս ոչ ինվազիվ պրոցեդուրան կարող է անվտանգ կերպով կիրառվել ֆետո-ֆետալ տրանսֆուզիայի համախտանիշի դեպքում», - հայտարարել է «Imperial College Healthcare NHS Trust»-ի պտղի բժշկության ուղղությամբ ղեկավար, Լոնդոնի Կայսերական քոլեջի մանկաբարձության պրոֆեսոր Քրիստոֆ Լիսը։

«Սա իրոք հուսադրող է, քանի որ ներկայումս մենք կարող ենք բուժել այս վիճակը միայն ավելի ինվազիվ մեթոդով, որն ինքնին նույնպես որոշակի ռիսկեր է պարունակում», — նշել է նա։

Գիտնականներն ընդգծում են, որ հետազոտությունն ուղղված է եղել առաջին հերթին մեթոդի անվտանգության գնահատմանը, այլ ոչ թե դրա արդյունավետության վերջնական հաստատմանը։ Որոշ մասնակիցներ ունեցել են լրացուցիչ բուժման կարիք, ներառյալ՝ լազերային աբլացիա, իսկ երեխաների մի մասին փրկել չի հաջողվել։

Պրոֆեսոր Լիսի թիմը պլանավորում է ավելի մասշտաբային հետազոտություն իրականացնել՝ 50–100 կնոջ մասնակցությամբ, որպեսզի պարզի՝ արդյո՞ք HIFU-ն ունակ է արդյունավետորեն բուժել ՖՖՏՀ-ն, և կարո՞ղ է արդյոք այս մեթոդը նվազ ռիսկային այլընտրանք դառնալ գոյություն ունեցող մոտեցումներին։