Նոր մասշտաբային հետազոտությունը ցույց է տվել, որ եվրոպացի երեխաների և դեռահասների ֆիզիկական վիճակը շարունակում է վատանալ: Վերջին տասնամյակների ընթացքում նվազել են նրանց մկանային ուժի, ճկունության և մարմնի առողջ կազմվածքի ցուցանիշները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա թե՛ մանկական, թե՛ հասուն տարիքում:
Սարագոսայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 1965-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածում 20 եվրոպական երկրներից 6-ից 16 տարեկան 417,362 երեխաների և դեռահասների տվյալները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sports Medicine – Open ամսագրում:
Հեղինակները գնահատել են առողջության հետ կապված ֆիզիկական պատրաստվածության հիմնական ցուցանիշները՝ մկանային ուժը, ճկունությունը, մարմնի կազմվածքը և սիրտ-անոթային ու շնչառական դիմացկունությունը:
Ըստ հետազոտության՝ մարմնի վերին հատվածի մկանային ուժը ընդհանուր առմամբ նվազում է 1970-ական թվականներից ի վեր: Ստորին հատվածի մկանային ուժը, որն աճում էր մինչև 1980-ականները, դրանից հետո նույնպես սկսել է աստիճանաբար նվազել: Ամենավառ արտահայտված վատթարացումը գրանցվել է ճկունության ցուցանիշներում․ դրանք նվազում են, ընդ որում՝ 2000 թվականից հետո այս գործընթացն ավելի է արագացել:
Հետազոտողները նաև արձանագրել են ճարպային զանգվածի մակարդակի կայուն աճ: Նրանց խոսքով՝ այս ցուցանիշը հաճախ թերագնահատվում է, եթե օգտագործվում է միայն մարմնի զանգվածի ցուցիչը (BMI): Ինչ վերաբերում է սիրտ-անոթային և շնչառական դիմացկունությանը (սրտի, թոքերի ու անոթների՝ երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ մկաններին թթվածնով արդյունավետորեն ապահովելու կարողությանը), ապա բազմամյա անկումից հետո 2015-2023 թվականների ընթացքում դրա ցուցանիշները, հավանաբար, կայունացել են: Այնուամենայնիվ, դրանք դեռևս զգալիորեն ցածր են մնում, քան նախորդ տասնամյակներում:
Գիտնականները շեշտում են, որ մանկական տարիքում ֆիզիկական պատրաստվածությունը սերտորեն կապված է ապագա առողջական վիճակի հետ: Լավ սիրտ-անոթային և շնչառական դիմացկունությունն ու մարմնի առողջ կազմվածքը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան ռիսկը, իսկ զարգացած մկանային ուժն օգնում է պահպանել մարմնի նորմալ քաշը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երեխաներին և դեռահասներին օրական առնվազն 60 րոպե տրամադրել միջին կամ բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվությանը (ներառյալ մկանների և ոսկորների ամրապնդման վարժությունները՝ շաբաթական առնվազն երեք անգամ): Սակայն եվրոպացի դեռահասների ավելի քան 75%-ը չի հետևում այս ցուցումներին:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ ստացված արդյունքները վկայում են պետական և հանրային ծրագրերի մակարդակով երեխաների ու դեռահասների շրջանում ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված միջոցառումներն ուժեղացնելու անհրաժեշտության մասին:






