Նիհարել ցանկացող մարդկանց սովորաբար առաջարկում են զբաղվել աերոբիկ մարզումներով (վազք, հեծանվավազք եւ այլն), քանի որ դրանք համարվում են ավելի մեծ քանակությամբ կալորիաներ այրող սպորտաձեւեր: Սակայն Հարվարդի հանրային առողջության դպրոցի (Harvard School of Public Health (HSPH)) գիտնականները վերջերս հայտնաբերել են, որ ուժային մարզումներն իրականում ավելի են նպաստում նիհարելուն: Իրենց հետազոտության արդյունքները վերջիններս հրապարակել են Obesity պարբերականում:

Ինչպես պնդում է հետազոտության հեղինակ Ռանիա Մեկարին, տարիների ընթացքում մարմինը կորցնում է մկանային զանգվածը, ինչպես նաեւ մեծ տարիքում առողջ լինել ցանկացող մարդկանց խորհուրդ է տրվում համատեղել ուժային մարզումներն աերոբ վարժությունների հետ որովայնի շրջանում ավելորդ ճարպից ազատվելու եւ մկանային զանգվածը մեծացնելու համար:

12 տարվա ընթացքում (1996-2008) գիտնականները չափել են 40 տարեկան 10 500 առողջ ամերիկացու իրանն ու քաշը: Նրանք նաեւ համեմատել են ուժային եւ աերոբ մարզումների ազդեցությունն օրգանիզմի վրա: Պարզվել է՝ քաշը կորցնելու համար ավելի արդյունավետ են հենց ուժային մարզումները, ոչ թե վազքը, պարը կամ հեծանվավազքը:

Մի քանի դիետոլոգներ կանանց խորհուրդ չեն տալիս զբաղվել ուժային մարզումներով՝ վախենալով, որ նրանց մոտ կմեծանան մկանները, եւ նրանք էլ կանացի չեն լինի, սակայն այս զգուշացումն անհիմն է. իրականում կանանց օրգանիզմում տեստոստերոնի քանակությունը քիչ է, ուստի կանանց մկանները տղամարդկանց մկանների պես չեն մեծանա: