Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ծովի մակարդակից ինչքան բարձր է ապրում մարդը, այնքան ցածր է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Սա, հավանաբար, բացատրվում է նրանով, որ մեծ բարձրություններում օդի մեջ թթվածնի առկայությունը զգալիորեն ցածր է: Չնայած թթվածինը միանգամայն անհրաժեշտ է մարդուն ապրելու համար, ամերիկացի գիտնականները ենթադրում են, որ այն կարող է յուրահատուկ քաղցկեղածին նյութ լինել:
Վերը նշված համալսարանի հետազոտողների կարծիքով, մասնավորապես, այն միջոցը, որով մեր օրգանիզմը թթվածին է մշակում, պոտենցիալ քաղցկեղածին է համարվում. մարմնում հայտնված ազատ ռադիկալները կարող են վնասել բջջային կառուցվածքներն ու ԴՆԹ-ն, որի արդյունքում կարող է թոքերի քաղցկեղ զարգանալ:
Թթվածինը հայտնի է իր բարձր ռեակտիվությամբ: Երբ մեր օրգանիզմում բջիջներն օգտագործում են թթվածնի ատոմները սննդից էներգիայի ստացման համար, դրանք արտադրում են որպես թթվածնի ազատ ռադիկալներ հայտնի բնական ենթաարտադրանք: Այդ ազատ ռադիկալներն էլ վնասում են բջջային կառուցվածքները, որն էլ կարող է քաղցկեղի պատճառ դառնալ:
Գիտնականները PeerJ ամսագրում հաղորդել են այն մասին, որ գոյություն ունեն թոքերի չարորակ ուռուցքների առաջացման գործընթացում թթվածնի դերի բազմաթիվ ապացույցներ: Նրանք ուշադրության տակ են առել եւ այլ վնասակար գործոններ, ինչպիսիք են դեպի մթնոլորտ վնասակար արտանետումները եւ արեւի լույսի ազդեցությունը, որը զգալիորեն ավելի շատ է զգացվում մեծ բարձրությունների վրա:
Այսպիսով, գիտնականներն ապացուցել են մարդու՝ ծովի մակարդակից բարձր վայրերում բնակության եւ թոքերի քաղցկեղով հիվանդության միջեւ կապը, բայց հետաքրքիրն այն է, որ կրծքի, շագանակագեղձի կամ աղիքների ուռուցքների միջեւ նման կապերի մասին դեռեւս հայտնի չէ:






