Կոնաձեւ խխունջները ձուկ բռնելիս օրիգինալ ռազմավարություն են օգտագործում. զոհի վրա հարձակվելիս նրանք շրջապատող ջրի մեջ մեծ չափաբաժնով «սխալ» ինսուլին են ներարկում, որը կտրուկ նվազեցնում է զոհի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, զրկում է մկաններն էներգիայից, եւ հենց այդ կերպ կաշկանդում նրան: Այս մասին ասված է Proceedings of the National Academy of Sciences-ում հրապարակված հոդվածում:
ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթիի Յուտայի համալսարանից եւ հետազոտության հեղինակներից Բալդոմերո Օլիվերայի (Baldomero Olivera) խոսքով այն ինսուլինի յուրահատուկ տեսակ է: Դրա մոլեկուլներն ավելի կարճ են, քան այդ հորմոնի ցանկացած այլ տարբերակներ, որոնք կան կենդանիների մարմնում:
Օլիվերան ու նրա գործընկերները տարիներ շարունակ ուսումնասիրում են կոնաձեւ (Conus) խխունջների դասին պատկանող տեսակները՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է նրանց հաջողվում որսալ շատ ավելի արագաշարժ եւ ճկուն ավարը՝ ծովային մանր ձկներին:
Նրանք հաստատել են, որ երբ ձուկը լողում է խխունջի կողքով, նա նետում է իր «որսատեգը», որը զոհի մարմնի մեջ թույն է ներարկում: Ապագա «ճաշին» խեցեմորթը ակնթարթորեն պարալիզացնում է, ինչն էլ դանդաղաշարժ գիշատիչին թույլ է տալիս հոգալ իր սննդի համար եւ բազմանալ:
Գիտնականները փորձարկման ընթացքում անջատել եւ վերլուծել են թույնի տարատեսակի բաղադրիչների սինթեզի համար պատասխանատու փորոտանիների ԴՆԹ-ի ֆրագմենտները: Խեցեմորթների մարմնից հեռացրած թույնի բաղադրիչներում ինսուլինին նման մոլեկուլներ են գտնվել:
Այնուհետեւ գիտնականներն ստուգել են, թե ինչ է տեղի ունենում ձկան հետ, եթե ջրի մեջ, որտեղ այն գտնվում է, այդ հորմոնի մեծ քանակություն է հայտնվում: Ազդեցությունը շատ պարզ եւ ակնհայտ է եղել. ինսուլինի մոլեկուլները կենդանու արյան մեջ են հայտնվել եւ ստիպել օրգանիզմին կտրուկ նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, որն էլ միաժամանակ ուղեղն ու մկանները զրկել է էներգիայի աղբյուրից: Փաստորեն, ձուկը կոմայի մեջ է ընկել եւ կորցրել շարժվելու ու արձագանքելու կարողությունը, որն էլ կոնաձեւ խխունջների հաջողության գաղտնիքն է:
Կենդանաբանների կարծիքով մարդկությունը կարող է խխունջների «բիոզենքից» երկու ճանապարհով օգտվել: Առաջինը՝ ինսուլինի այդքան ուժեղ տարբերակը կարելի է օգտագործել շաքարի հանդեպ մարդկային օրգանիզմի զգայունությունն ստուգելու համար: Երկորդը՝ ինսուլինի «մարտական» տարբերակն ավելի կարճ է, քան ողնաշարավորների մոտ այդ հորմոնի գոյություն ունեցող բոլոր տարբերակները, ինչը հույս է ներշնչում, որ կոնաձեւ խխունջների «նոու-հաուն» հնարավոր է օգտագործել որպես թերապեւտիկ ինսուլինի նոր, ավելի էժան եւ արդյունավետ տեսակների հումք:






