Ավելացված շաքար, մասնավորապես ֆրուկտոզա պարունակող սննդամթերքների օգտագործումը 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հիմնական ռիսկային գործոնն է: Այս մասին հաղորդում են Սուրբ Լուկայի սրտաբանության ինստիտուտի հետազոտողները:
Մասնագետներն այդպիսի եզրահանգման են եկել` գնահատելով կենդանիների վրա փորձարկումների եւ բազմաթիվ մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների տվյալները: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գլյուկոզայի՝ ֆրուկտոզայով փոխարինումն անբարենպաստ հետեւանքների է հանգեցնում, չնայած նախկինում մտածում էին, որ շաքարային հավելումները կարող են ամենօրյա սննդակարգի 25 տոկոսը կազմել:
Հատկապես վտանգավոր է սեղանի շաքարի եւ եգիպտացորենի օշարակում (սննդի արդյունաբերությունում շատ հաճախ օգտագործվող քաղցրացուցիչ) պարունակվող ֆրուկտոզան: Այնինչ բնական սննդամթերքների, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենները, մեջ պարունակվող ֆրուկտոզան օրգանիզմի համար անվնաս է: Ընդհակառակը, մրգերի եւ բանջարեղենների օգտագործումը պաշտպանում է շաքարախտից եւ այլ մետաբոլիկ խանգարումներից:
Գիտնականները մարդկանց խստագույնս խորհուրդ են տալիս շաքարի հավելումներ պարունակող սննդամթերքները մրգերով եւ բանջարեղենով փոխարինել:
Ամբողջ աշխարհում մոտավորապես յուրաքանչյուր տասներորդ չափահաս մարդը երկրորդ տիպի շաքարախտ ունի, ընդ որում, վերջին 28 տարիներին դիաբետիկների թիվն աճել է ավելի քան 2 անգամ. 1980 թ. շաքարախտ ուներ 153 միլիոն մարդ, իսկ 2008 թ.՝ արդեն 347 միլիոնը:






