RIKEN (RIKEN Center for Developmental Biology) ճապոնական համալսարանի մասնագետները կարողացել են հասնել ցողունային բջիջների՝ ուղեղիկի նմանվող եռաչափ կառուցվածքի ձեւափոխմանը: Սա լաբորատոր պայմաններում ուղեղի կառուցվածքի վերարտադրման առաջին հաջողված փորձն է: Առհասարակ, նյարդային համակարգի վերարտադրումը առանձնակի բարդ խնդիր է, քանի որ պետք է ստեղծել ոչ միայն առանձին նեյրոններ, այլ նաեւ այն հյուսվածքները, որոնց առաջացման համար պատասխանատու են նեյրոնները: Ճապոնացի գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում:
Հոդվածում մանրամասն նկարագրված է, թե ինչպես մի քանի ազդանշային մոլեկուլի հետեւողական կիրառումը մարդու եռաչափ պլյուրիպոտենտ ցողունային բջիջների համակարգում ստիպում է վերջիններիս ձեւափոխվել ուղեղիկի գործող նեյրոնների եւ ինքնակազմակերպվել՝ ձեւավորելով այդպիսով ուղեղիկի բնականոն զարգացման համար անհրաժեշտ բազմաշերտ կառուցվածք:
«Ինքնակազմակերպման այն մակարդակը, որը մենք տեսնում ենք այստեղ, կենսաբանության զարգացման համար շատ մեծ նշանակություն ունի», - ասում է ուսումնասիրության առաջատար հեղինակ Կեյկո Մուգուրուման (Keiko Muguruma): «Մարդու ինդուցված պլյուրիպոտենտ բջիջներից ուղեղիկ ստեղծելու փորձերը արդեն որոշակի հաջողության են բերել, եւ դա կօգնի մեզ մոդելավորել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է, օրինակ, սպինացերեբելյար ատաքսիան»:






