Օրական երեք անգամ սնվելը կարող է այնքան էլ օգտակար չլինել: Համենայնդեպս, այդպես է կարծում պատմաբան Էբիգեյլ Քերոլը:
Նրա խոսքով՝ փաստ չէ, որ մեր օրգանիզմին ահրաժեշտ է նախաճաշել, ճաշել եւ ընթրել: Սա ընդամենը կարծրատիպ է: Եվ այն հորինել են եվրոպացիները շատ տարիներ առաջ՝ միաժամանակ պարտադրելով այս կենսակերպը բնիկ ամերիկացիներին, քանի որ համարում էին իրենց այս մոտեցումը ավելի «քաղաքակիրթ»: Ինչպես նշում է պատմաբանը իր «Three Squares: The Invention of the American Meal» նոր գրքում, հնդկացիները սնվում էին միանգամայն այլ կերպ: Նրանց սննդակարգը կախված էր սեզոնից, երբեմն նրանք նույնիսկ սոված էին մնում:
Էբիգեյլ Քերոլը իր գրքում նշում է նաեւ, որ շատերը նախաճաշը համարում են սննդի ամենակարեւոր ընդունում, սակայն սա եւս կարծրատիպ է, որի ստեղծման գործում մեծ ավանդ են ունեցել հյութեր եւ նախաճաշի տարբեր տեսակներ արտադրող ընկերությունները: Իսկ իրականում, պատմաբանի կարծիքով, չկա որեւէ ապացույց, որ նախաճաշն այդքան կարեւոր է: Ավելին՝ գրքի հեղինակը համաձայն չէ այն մտքի հետ, որ չնախաճաշող մարդիկ օրվա ընթացքում ավելի շատ կալորիաներ են օգտագործում եւ ավելի հաճախ են գիրանում:
Պատմաբանը մի շարք հետազոտություններ է մեջբերում, որոնք ցույց են տալիս, որ իրականում այնքան էլ կարեւոր չէ, քանի անգամ է օրվա մեջ մարդը սնվում: Այս հետազոտությունների համաձայն՝ կարեւոր չէ նաեւ, նախաճաշում է մարդը, թե ոչ:
Օրգանիզմին մեկ է, քանի անգամ է օրական այն սնվում: Դա չի անդրադառնում ոչ առողջության, ոչ հորմոնալ համակարգի, ոչ էլ մարդու քաշի վրա: Հետեւաբար, երեքանգամյա սննդի սկզբունքներին հետեւել պետք չէ: Ավելի լավ է ուտել այն ժամանակ, երբ դա պետք է օրգանիզմին:






