Սյսօր շատ երկրներում նշվում է մսից հրաժարվելու Միջազգային օրը (International Day Without Meat), որի հիմնական գաղափարներն են բուսակերության մասսայականացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, բարյացակամ վերաբերմունքը կենդանիների նկատմամբ:

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում մսի օգտակար և վնասակար կողմերի մասին վեճեր են ընթանում: Մասնագետների մի մասը համոզված է, որ միսը մարդու սննդակարգի անբաժանելի մասն է, մյուսները այն կարծիքին են, որ օրգանիզմը ի վիճակի չէ նորմալ մարսել և յուրացնել միսը:

Ո՞վ է ճիշտ: Վնասակա՞ր է, թե օգտակար միսը:

Ցավոք, միանշանակ պատասխանել այս հարցին հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է մարդու օրգանիզմի յուրահատկություններից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ մսի օգտակար եւ վնասակար կողմերի մասին:

• Միսը մարդու օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցների աղբյուր է: Այդ սպիտակուցներն օգնում են ազատվել ավելորդ քաշից և զարգացնել մկանային համակարգը, ինչպես նաև կարևոր դեր են խաղում օրգանիզմում ընթացող մի շարք գործընթացներում: Հատկանշական է, սակայն, որ միսը սպիտակուցների միակ աղբյուրը չէ, կան շատ բուսական աղբյուրներ: Հանուն արդարության պետք է նշել, որ մսի մեջ պրոտեիններն ամեն դեպքում ավելի շատ են, քան ցանկացած այլ սննդամթերքում:

• Յուղոտ միսը, ինչպես նաեւ ցանկացած այլ յուղոտ սնունդ, վնասակար է մաշկի համար` հատկապես դա վերաբերվում է հայերին:

• Համարվում է, որ միսն ու ձկնեղենը դրական են անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա`օգնելով երեխա բեղմնավորել:

• Յուղոտ միսը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ, իսկ ճարպային վահանիկները անոթներում կարող են տրոմբերի պատճառ դառնալ: Նշենք, որ տրոմբը ինսուլտ և կաթված առաջացնող հիմնական գործոնն է: 

• Համարվում է, որ հնդկահավի միսը մի շարք օգտակար բակտերիաներ է պարունակում, որոնք պայքարում են ինֆեկցիաների դեմ:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը խորհուրդ է տալիս ծայրահեղությունների մեջ չընկնել` հնարավորինս հավասարակշռված  ու առողջ սննդակարգին հետևելով: Սակայն այսօր՝ մարտի 20-ին, կարելի է մեկ օր անցկացնել առանց միս օգտագործելու: Փորձեք օրվա ընթացքում միայն մրգեր ու բանջարեղեն օգտագործել և ուշադրություն դարձրեք ձեր ինքնազգացողությանը: