Միջին տարիքի մարդկանց նիհար կազմվածքը նպաստում է դեմենցիայի, ինչպես նաեւ Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը, նշում են Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի մասնագետները:

Ինչպես ցույց է տվել մասնագետների նոր հետազոտությունը, քաշի պակաս ունեցող մարդկանց մոտ կոգնիտիվ խախտումների հավանականությունը 1/3-ով ավելի բարձր է՝ նորմալ քաշ ունեցողների համեմատ: Ընդ որում՝ այս խախտումների զարգացման հավանականությունը նորմալ քաշով մարդկանց մոտ 30 տոկոսով ավելի ցածր է:

Մասնագետները վերլուծել են 55-ամյա միջին քաշով, մարմնի զանգվածի 26.5 ցուցանիշով (որը մեկնաբանվում է որպես ավելորդ քաշ)1 958 191 մարդու տվյալները: Հետեւելու 9-րդ տարում 45 507 մարդու մոտ տկարամտություն է ախտորոշվել: Հետազոտողները պարզել են, որ միջին տարիքում քաշի պակաս ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման հավանականությունը 34 տոկոսով ավելի բարձր է՝ նորմալ քաշ ունեցողների համեմատ: Իսկ մարմնի զանգվածի ցուցանիշի աճին զուգահեռ հիվանդության զարգացման հավանականությունը նվազում է եւ մարմնի զանգվածի 40 ցուցանիշ ունեցող մարդիկ ավելի քիչ էին հակված տկարամտության, քան նորմալ քաշով մարդիկ:

«Պետք է ուշադրություն դարձնել քաշի եւ տկարամտության զարգացման միջեւ կապի վրա, որը բացահայտվել է մեր հետազոտության շնորհիվ, - նշում է պրոֆեսոր Սթյուարտ Փոքոկը՝ հետազոտության հեղինակներից մեկը, - ստացված տվյալները նոր հեռանկարներ են բացում դեմենցիայի կանխարգելման ոլորտում: Երբ մենք կարողանանք հասկանալ, ինչու են մարմնի զանգվածի բարձր ցուցանիշով մարդիկ ավելի քիչ հակված դեմենցիային, հավանաբար, այդ գիտելիքները  հնարավոր կլինի օգտագործել տկարամտության բուժման մոր միջոցների մշակման համար»:

Նշենք, որ այս արդյունքները հակասում են նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ մարմնի զանգվածի բարձր  ցուցանիշը ավելի հավանական է դարձնում դեմենցիան եւ կոգնիտիվ այլ խնդիրները: