Նիհարելու արդյունավետությունը կախված է նյութափոխանակության արագությունից եւ մարդու ԴՆԹ-ից, այլ ոչ թե կամքի ուժից, նշում են ամերիկացի գիտնականները: Ոմանք  կենսաբանորեն են հակված նիհարելուն, ոմանք էլ շատ դժվար են բաժանվում ավելորդ քաշից:

ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի գիտնականների խոսքով՝ մեր նյութափոխանակության՝ գենետիկորեն պայմանավորված արագությունը թույլ է տալիս միեւնույն դիետայի միջոցով ինչ-որ մի մարդուն շատ արագ ազատվել ավելորդ քաշից, իսկ մյուսի համար այն անօգուտ է: Ինչպես նշեց բժիշկ Սյուզաննա Ֆոթրուբան՝ հետազոտության հեղինակներից մեկը, ճարպակալում ունեցող մարդկանց նյութափոխանակությունը տարբեր կերպ է արձագանքում օգտագործվող կալորիաների մակարդակի կտրուկ անկմանը: «Տնտեսող» նյութափոխանակություն ունեցող մարդկանց համար նիհարելը կարող է շատ բարդ պրոցես լինել:

Գիտնականները չափել են նյութափոխանակության արագությունը ճարպակալում ունեցող 12 մարդկանց մոտ՝ մեկ օր տեւած սովապահությունից հետո: Պարզվեց, որ որոշ կամավորների նյութափոխանակությունը՝ օրգանիզմում կալորիաների օգտագործման արագությունը, շատ ավելի փոքր է:

Բոլոր կամավորները այնուհետեւ վեց շաբաթ տեւողությամբ շատ խիստ դիետայի են հետեւել: Որոշ մարդիկ ավելի քիչ քաշ են կորցրել, քան սպասվում էր՝ նույնիսկ տարիքը, սեռը, սկզբանական քաշն ու ֆիզիկական ծանրաբեռնվածության առկայությունը կամ բացակայությունը հաշվի առնելով:

Անալիզները ցույց տվեցին, որ դանդաղ նյութափոխանակություն ունեցողները գենետիկորեն են տրամադրված ավելորդ կալորիաներ պահպանելու, քանի որ նրանց ԴՆԹ-ի առանձնահատկությունները չեն թողնում արագ նիհարել: