Մի բաժակ թեյը սթրեսի դեմ պայքարելու լավագույն միջոցն է, նշում են University of Coimbra-ի պորտուգալացի գիտնականները: Նրանց խոսքով՝ թեյում պարունակվող կոֆեինը շատ ուժեղ հագստացնող ազդեցություն ունի:

Փորձարկման ընթացքում հաջողվել է պարզել, որ սթրեսային իրավիճակում հայտնված մկների մոտ շատ արագ էին դրսեւորվում տագնապային ախտանիշներն ու ախորժակի կորուստը: Նրանք նաեւ հիշողության հետ խնդիրներ էին ձեռք բերում: Սակայն երբ նրանց ջրի մեջ կոֆեին էր ավելացվում, վերոնշյալ ախտանիշներից շատերը անհետանում էին:

Պորտուգալացի գիտնականների եզրահանգումները կարեւոր են նաեւ այն պատճառով, որ սթրեսի քրոնիկ բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ բարձրանում է դեպրեսիա ձեռք բերելու հավանականությունը: Եվ, չնայած նրան, որ գիտնականները խորհուրդ չեն տալիս սթրեսային իրավիճակներում լիտրերով սուրճ խմել,  սուրճի, ինչպես նաեւ թեյի մեկ-երկու բաժակը չեն խանգարի:

Հավանական է, որ Proceedings of the National Academy of Sciences ամսագրում լույս տեսած այս հետազոտության արդյունքները կհանգեցնեն հոգեկան խնդիրների բուժման նոր մեթոդների մշակմանը: Ի դեպ, բրիտանացի գիտնականները եւս վերջերս պարզել էին, որ թեյ օգտագործողները շատ ավելի արագ են հաղթահարում սթրեսը: