Սահմանափակ սննդակարգն ու ֆիզիկական վարժությունները հղիության ընթացքում շատ ավելի օգտակար են, քան «երկուսի փոխարեն» ուտելը, զգուշացնում են բժիշկները: Ինչպես ցույց տվեց 11 144 կանանց շրջանում իրականացրած հետազոտությունը, ավելորդ քաշ ձեռք բերելու միտումները կասեցնելը օգտակար է ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:
Իհարկե, գրեթե բոլոր կանայք են գիրանում հղիության ժամանակ, սակայն ավելորդ կիլոգրամները կարող են բարձր զարկերակային ճնշման ու դիաբետի պատճառ դառնալ, իսկ երեխան էլ կարող է արդեն իսկ ավելորդ քաշով ծնվել: Բացի այդ՝ եթե նա շատ մեծ լինի, բնական ճանապարհով ծննդաբերելը շատ ավելի դժվար կլինի եւ կեսարյան հատման անհրաժեշտություն ի հայտ կգա:
Այս հարցերին նվիրված 37 հետազոտությունների՝ Cochrane Library-ում լույս տեսած ամփոփումը ցույց է տալիս, որ այն կանայք, որոնք իրենց թույլ չեն տալիս գիրանալ հղիության ընթացքում, հանգիստ հղիություն անցկացնելու շատ ավելի մեծ շանսեր ունեն:
Նախկինում իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ ճիշտ սնվելը եւ ֆիզիկական վարժությունները դրական են անդրադառնում հղիության ընթացքի վրա: Մասնավորապես, շատ կարեւոր է սահմանափակել շաքարի օգտագործումը:
Հետազոտության հեղինակները հույս են հայտնում, որ դրա արդյունքները կհրավիրեն ինչպես հղի կանանց, այնպես էլ բժիշկների ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա:






