Մի բուռ ընկուզեղենը կարող է կանխարգելել բազմաթիվ հիվանդությունների զարգացումը, նշում են նոր հետազտության հեղինակները: Նրանց խոսքով՝ օրական 10 գրամ ընկուզեղենը կամ արախիսը կարող է նկատելիորեն նվազեցնել շնչառական հիվանդություններից (օրինակ, ասթմա կամ էմֆիզեմա) կամ նեյրոդեգեներատիվ հիվանդություններից (դեմենցիա) մահվան հավանականությունը:

Ընկուզեղենը, գիտնականների խոսքով, նվազեցնում է նաեւ դիաբետի, քաղցկեղի ու սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը՝ ներառյալ կաթվածներն ու ինսուլտները, ընդ որում՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Սակայն, հատկանշական է, որ արախիսի ձեթը այդքան օգտակար չէ, որքան արախիսը՝ հավանաբար, այն պատճառով, որ դրանում աղ ու ճարպեր են պարունակվում:

Maastricht University-ի մասնագետները հետազոտել են 55-69 տարեկան ավելի քան 120 հազար մարդկանց տվյալները՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, թե ինչքան արախիս, արախիսի ձեթ եւ այլ մթերքներ են օգտագործել մարդիկ: Այնուհետեւ նրանք վերլուծել են այս մարդկանց մահվան պատճառները: Պարզվեց, որ մի շարք հիվանդությունների արդյունքում ի հայտ եկած մահվան դեպքերի քանակը շատ ավելի քիչ էր այն մարդկանց շրջանում, որոնք ակտիվորեն ընկուզեղեն էին օգտագործում:  

Վերոնշյալ համալսարանի պրոֆեսոր Փիթ վան դեն Բրանտը՝ հետազոտության առաջատար հեղինակը, նշեց, որ, հետաքրքիրն այն է, որ ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է օրական 15 գրամ ընկույզ ուտել: Նա ավելացրեց նաեւ, որ ընկուզեղենը հարուստ է տարբեր օգտակար նյութերով՝ օրինակ, ճարպաթուներով, վիտամիններով, հակաօկսիդանտներով եւ բջջանյութով, ինչն էլ, հավանաբար, մարդկանց ավելի առողջ է դարձնում: