Ճարպերով հարուստ մթերքները վնասակար են ոչ միայն կազմվածքի եւ սրտի, այլ նաեւ մեր հիշողության համար, նշում են University of California-ի գիտնականները:

Նրանց խոսքով՝ թխվածքաբլիթը, ընդհանրապես, բոլոր վերամշակված մթերքները, որոնք տրանճարպեր են պարունակում, բացասաբար են անդրադառնում մեր ուղեղի վրա եւ նպաստում են հիշողության կորստին՝ նույնիսկ երիտասարդ տղամարդկանց դեպքում:

Այս եզրահանգմանը գալու համար գիտնականները երիտասարդ կանանց եւ տղամարդկանց շրջանում (1018 մարդ) հետազոտություն են իրականացրել: Նրանց խնդրել են պատմել, թե ինչպես են նրանք սնվում, իսկ այնուհետեւ հիշողության թեստ անցնել: Միջինում տղամարդիկ կարողանում էին հիշել թեստից 86 բառ, սակայն ֆաստ ֆուդի սիրահարները, հիշում էին 12 բառով պակաս: Հատկանշական է, որ կանանց շրջանում այսպիսի տարբերություն չկար:

Բեատրիս Գոլոմբը՝ հետազոտության հեղինակներից մեկը, նշում է, որ տրանսճարպերը կապված են հիշողության կորստի հետ եւ կարող են լրջորեն ազդել տղամարդկանց վրա նրանց նույնիսկ ծաղկուն տարիքում: Բացի այդ՝ դրանք բացասաբար են ազդում ուղեղի ֆունկցիաների, ինչպես նաեւ տրամադրության ու վարքագծի վրա:

Հետազոտության արդյունքներն արտացոլող հոդվածը լույս է տեսել Public Library of Science ONE ամսագրում: