Աշխարհի շատ երկրներում վերջերս մոդայիկ է դարձել կրծքի կաթ խմելը, որը կարելի է գնել օնլայն: Հատկապես տարածված է կրծքի կաթ խմելը ֆիթնեսի սիրահարների, ինչպես նաեւ տարբեր քրոնիկ հիվանդություններով մարդկանց շրջանում: Նրանք հավատում են, որ կրծքի կաթը ամրապնդում է իմունային համակարգն ու բարելավում ֆիզիկական կարողությունները:

Սակայն, մասնագետների խոսքով, այդպիսի կաթ խմելը շատ վտանգավոր է, քանի որ այն կարող է լինել կյանքին սպառնացող տարբեր ինֆեկցիաների աղբյուր և  շատ դեպքերում վաճառվում է թարմ կամ սառեցված եւ ոչ մի վերամշակման կամ ստերիլիզացման չի ենթարկվում:

Journal of the Royal Society of Medicine ամսագրում լույս է տեսել բրիտանական բժիշկների հեղինակած հոդվածը, որտեղ ասվում է այն մասին, որ համացանցի տարբեր ֆորումներում վաճառվող կրծքի կաթը գովազդվում է որպես միջոց, որը օգնում է զարգացնել մկանները, բուժել էրեկտիլ դիսֆունկցիան, ամրապնդել իմունիտետը: Սակայն, ինչպես նշում է բժիշկ Սարա Ստիլը, ապացուցել այս ամենն անհնար է: Ավելին՝ պրոտեինները կրծքի կաթում շատ ավելի քիչ են, քան, օրինակ, կովի կաթում: Բացի այդ՝ փաստ չէ, որ հասուն մարդկանց օրգանիզմը կրծքի կաթից ստանում է բոլոր այն պլյուսները, ինչ նորածնի օրգանիզմը:

Բժիշկների խոսքով՝ կրծի կաթի պատճառով կարելի է վարակվել հեպատիտ B-ով, C-ով, ինչպես նաեւ ՄԻԱՎ-ով ու սիֆիլիսով: Բացի այդ՝ քանի որ այն պաստերիզացված չէ, դրանում կան բազմաթիվ միկրոբներ, բակտերիաներ ու վիրուսներ:

«Ուսումնասիրված նմուշների 93 տոկոսի մեջ գտնվել են բակտերիաներ», - պնդում են բժիշկները:

Այդ պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս օնլայն կրծքի կաթ ձեռք բերել: