Այն մարդիկ, ովքեր ապրում են ծառերի շրջապատում, սովորաբար ավելի առողջ են լինում, քան այն մարդիկ, որոնց տան շրջակայքում ոչ մի ծառ չկա: Այս մասին են հայտնում Չիկագոյի համալսարանի գիտնականները:

Ծառերի կողքին ապրելը յուրահատուկ կերպով է անդրադառնում ինքնազգացողության ու առողջության տարբեր ասպեկտների վրա՝ ինչպես զուտ ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից:

Ծառերը, նրանց խոսքով, կարգավորում են սրտի աշխատանքը, ակտիվացնում նյութափոխանակությունը, մեղմում գլխացավը, դրական անդրադառնում հոգեկան վիճակի վրա, մեղմում են նաև սթրեսի հետևանքները և նվազեցնում այլ հիվանդությունների հավանականությունը:

Այս ամենը պարզելու համար վերոնշյալ համալսարանի գիտնականները ուսումնասիրել են Տորոնտոյի բնակիչների ավելի քան 30 հազար բժշկական քարտ: Հետազոտողները հաշվի էին առնում, թե քանի ծառ է բաժին հասնում մեկ մարդուն:

Պարզվեց, որ այն մարդիկ, որոնք ապրում են կանաչապատ տարածքներին շատ մոտ, մնացածներից ավելի հազվադեպ են բժշկական օգնության կարիք ունենում սիրտ-անոթային համակարգի խնդիրների պատճառով: Բացի այդ՝ պարզվեց, որ դրանք շատ ավելի հազվադեպ են նաև հակված լինում հոգեկան, քաղցկեղային հիվանդություններին ու շաքարային դիաբետին:

Հիշեցնենք, որ ծառերին դեռևս հնուց հատուկ ունակություններ էին վերագրվում: Ընդունված էր կարծել, օրինակ, որ, հենվելով ծառին, մարդը կարող է բուժվել հիվանդությունից կամ ֆիզիկապես ավելի առողջ դառնալ: Մեր օրերում Առողջապահության ինստիտուտի բրիտանական մասնագետների փորձարկումները ցույց տվեցին, որ ծառի ու մարդու համագործակցությունը իսկապես կարող է փոխել մարդու օրգանիզմի աշխատանքի ցուցանիշները:

Մասնավորապես՝ բարդիների հարևանությամբ կատարած զբոսանքը բարելավում է զարկերակային ճնշումը, դրական է անդրադառնում սրտի աշխատանքի վրա, օգնում ազատվել նյարդային խախտումներից ու սթրեսից: