Մեծ Բրիտանիայի գիտնականները ներկայացրել են արյան նոր անալիզ, որը կարող է ցույց տալ, թե որքան արագ է մարդը ծերանում ու արդյոք նրան սպառնում է դեմենցիայի վտանգ:
Այդ անալիզը հիվանդի կենսաբանական տարիքը համեմատում է նրա իսկական տարիքի հետ ՝ հիմք ընդունելով արյան գենետիկ մարկերները: Մեթոդը ստեղծողների կարծիքով, այդ տվյալները կարող են փոխել բուժման մոտեցումները, չէ՞ որ շատ բան կախված է հիվանդի կենսաբանական տարիքից: Ինչպես բացատրել է պրոֆեսոր Ջեյմս Թիմոնսը՝ բժիշկները նշանակումներ անելիս սովորաբար հաշվի են առնում հիվանդի «խրոնոլոգիական» տարիքը, բայց խնդիրն այն է, որ օրինակ ոչ բոլոր 60 -ամյա մարդիկ են կենսաբանորեն նույն տարիքի՝ մեկի օրգանիզմը կարող է մի քիչ ավելի երիտասարդ լինել, իսկ մյուսինը՝ ավելի ծեր:
Կենսաբանական տարիքի որոշման համար գիտնականների առաջարկած մեթոդով արված փոքր ուսումնասիրությունը նույնպես հաստատել է դա: Գիտնականները ուսումնասիրել են 70 առոջղ կամավորներից վերցված անալիզները ու տեսել, որ ոմանց կենսաբանական տարիքը ընդամենը 60 է, իսկ մյուսներինը ՝ 80-ից էլ անց: Բնականաբար այդ մարդկանց բուժման տարբեր մոտեցումներ են պետք:
Կենսաբանական տարիքի իմացությունը նաեւ կարող է օգտակար լինել դոնոր փնտրելու հարցում: Օրինակ այդ տարիքից կարելի է հասկանալ ՝ արդյոք դոնորական երիկամն իրոք առողջ է ու կկարողանա ծառայել երկար տարիներ: Այդ իմացությունը կարեւոր է նաեւ տվյալ մարդու առողջության համար, չէ՞ որ կենսաբանական տարիքով է պայմանավորված, թե ինչ խնդիրներ ու հիվանդություններ կարող են հայտնվել նրա մոտ:
Գիտնականների խոսքով ՝ եթե առողջապահության համակարգը թույլատրի այս անալիզը, ապա թերապեւտներն այն հեշտությամբ կկարողանան անել թե պոլիկլինիկաներում, թե հիվանդանոցներում:
Այս անալիզի մասին հայտնում է Genome Biology ամսագիրը:






