Ձկով ու ծովամթերքով հարուստ սննդակարգը նվազեցնում է մարդու մոտ դեպրեսիայի զարգացման վտանգը, քանի որ օմեգա 3 ճարպաթթուները փոխում եւ լավացնում են ուղեղի կառուցվածքը: Այդ մասին հայտնել են չինացի հետազոտողները:

Նրանց խոսքով, պարբերաբար ձուկ  ուտող տղամարդկանց մոտ դեպրեսիայի զարգացման վտանգը նվազում է 20 տոկոսով, իսկ կանանց մոտ ՝ 16 տոկոսով: Այդ ներգործությունը կարելի է բացատրել ուղեղի մեմբրանի կառուցվածքի վրա օմեգա 3 ճարպաթթուների ներգործությամբ: Բացի դրանից այդ նյութերը կարող են մոդիֆիկացնել դեպրեսիայի զարգացման գործում դեր կատարող դոֆամինի ու սերոտոնինի նեյրոտրանսմիթերների ակտիվությունը:

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ իրենց եզրակացությունները անհրաժեշտ է եւս մեկ անգամ ստուգել: Սակայն ձուկը ամեն դեպքում շատ օգտակար մթերք է, որը պետք է ներառել սննդակարգում ՝ անկախ դեպրեսիայի վտանգից. ձկան մեջ կա բարձրորակ սպիտակուց, վիտամիններ ու միներալ, որոնք նպաստում են հիվանդությունների կանխարգելմանը, իսկ մեծ քանակությամբ ձուկ գործածելը կարող է համարվել առողջարար սննդակարգի ցուցիչ:  

Աշխարհում շուրջ 350 միլիոն մարդ տառապում է դեպրեսիայից, իսկ մինչեւ 2020 թ. այն կդառնա մարդկության առողջական խնդիրների երկրորդ ամենատարածված պատճառը,  համարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Այս հետազոտության մասին պատմում է Journal of Epidemiology & Community Health ամսագիրը: