Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները նիհարողներին խորհուրդ են տվել օրական ուտել ոչ թե 3 կամ 5, այլ 9 անգամ։ Գիտնականների կարծիքով՝ հաճախակի ուտելը նպաստում է նիհարելուն խոլեստերինի մակարդակը իջեցնելու, ճնշումը կայունացնելու եւ նյութափոխանակությունը արագացնելու շնորհիվ։
Գիտնականները ուսումնասիրել են 2000 մարդկանց սննդակարգը, որոնք օրական սպառում են հավասար քանակով կալորիա։ Ընդ որում, գիտնականները խնդրել են մասնակիցների մի մասին ուտել օրական ավելի քան 5 անգամ, իսկ մյուս մասին՝ 5 անգամից ավելի քիչ։
«Արդյունքը գերազանցել է սպասելիքները. առաջին խմբի մարդկանց մոտ զարկերակային ճնշման ցուցանիշը էապես գերազանցել է երկրորդ խմբի կամավորների ցուցանիշը»,- ասել են հետազոտության հեղինակները։
Հնարավոր է, բանն այն է, որ հաճախակի սնունդ ընդունելը պաշտպանում է ճարպաթթուների կտրուկ աճից, կայունացնում դրանց մակարդակը, ինչը օրգանիզմին թույլ է տալիս սնունդը ավելի լավ յուրացնել։ Ճարպաթթուների կտրուկ տատանումները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։
Հատկանշական է, որ Մոնտանայի համալսարանում հետազոտություն են անցկացրել, որն ապացուցել է, որ հաճախակի սնվող մարդիկ ավելի դիմացկուն եւ եռանդուն են։ Դրանից բացի, իսրայելցի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սննդի ռեժիմին հետեւելը օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, ընդ որում այդ դեպքում սննդակարգն արդեն երկրորդական նշանակություն ունի։






