Տարիքի հետ միասին մարդու մկանները թուլանում են ու ծերանում, բայց այդ գործընթացը կարելի է կանխել կամ դանդաղեցնել... խնձորների ու կանաչ լոլիկների օգնությամբ: Այդ մթերքում պարունակվող նյութերը ունակ են դանդաղեցնել մկանային ծերացման պրոցեսը, հայտնում են Այովա նահանգի համալսարանի մասնագետները:
Ինչպես նշել է պրոֆեսոր Քրիստոֆեր Ադամսը՝ հետազոտության հեղինակներից մեկը, մկանների տարիքային թուլությունը զգալիորեն վատացնում է մարդու կյանքի որակը ու նրան նվազ շարժունակ դարձնում, ինչի հետեւանքով մկաններն էլ ավելի են թուլանում: Սակայն ուրսոլաթթուն, որը պարունակվում է խնձորի ու կանաչ լոլիկների կեղեւում կարող է անջատել ATF4 խնդրահարույց պրոտեինը, որի պատճառով էլ հենց մկաններում տեղի են ունենում այդ անցանկալի փոփոխությունները:
Այդ թվվի արդյունավետությունը ստուգելու համար հետազոտողները երկու ամիս շարունակ այն տվել են մկանային ատրոֆիայով տառապող ծեր մկներին: Հետագայում գնահատելով մկների վիճակը, գիտնականները համոզվել են, որ նրանց մկանային զանգվածը աճել է 10 տոկոսով, իսկ մկանային ուժը ՝ 30 տոկոսով: Ավելին ՝ այդ մկների մկանները դարձել են գրեթե նույնը, ինչ երիտասարդ ու առողջ մկներինը:
Հիմա գիտնականները ծրագրում են հետազոտություններ սկսել մարդկանց վրա ու հույս ունեն,որ այս հայտնագործության շնորհիվ կկարողանան նոր դեղորայք ստեղծել, որը կբարելավի մկանների վիճակը ու կդանդաղեցնի ծերացման գործընթացը:
Գիտնականների խոսքով ՝ մարդու մկանները աճում են ու ուժեղանում մինչեւ 30 տարեկան, որից հետո մարդը յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում կորցնում է իր մկանային զանգվածի 3-5 տոկոսը, իսկ 75 տարեկանից հետո ատրոֆիան սկսում է ավելի ուժեղ զարգանալ:
Այս հետազոտության մասին գիտնականները գրել են Journal of Biological Chemistry.ամսագրում:






