Ճաշացանկի այս կան այն կերակրատեսակներում պարունակվող կալորիաների քանակի հիշատակումը, նաեւ լուսացույցի նման գունավոր խորհրդանիշները կարող են մարդկանց օգնել, որ ավելի քիչ ուտեն ու նիհարեն: Այս մասին հայտնում է Կառնեգի –Մելոն համալսարանի ամերիկացի հետազոտողների թիմը:

Սպառողների կողմից կալորիաների ավելի քիչ գործածումը խրախուսելու նպատակով ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը սկսել է պահանջել, որ ռեստորանները հաճախորդներին տեղեկացնեն, թե ինչ քանակության կալորիա է պարունակում ճաշացանկի յուրաքանչյուր կերակրատեսակը:

Բայց պարզվում է ՝ սա միակ արդյւոնավետ միջոցը չէ, որով կարելի է նպաստել ցածր կալորիականությամբ մթերքների օգտին ընտրություն անելուն:  Արված ուսումնասիրությունը պարզել է, որ կալորիականության մասին տեղեկություններ նշելու արդյունավետ մեթոդներից մեկն էլ լուսացույցն է, որտեղ մթերքների սննդարարությունը նշվում է կանաչ, դեղին կամ կարմիր գույնով: Ինչպես եւ կարելի է կռահել, կանաչ գույնով նշված մթերքները ավելի քիչ կալորիա են պարունակում, իսկ կարմիր գույնով նշվածները ՝ շատ:

Գիտնականները հայտնաբերել են, որ լուսացույցի մեթոդը, գրաֆիկներն ու թվերը միանգամայն արդյունավետ են, երբ գործը հասնում է կալորիաների քանակի գործածումը նվազեցնելու մասին որոշման կայացմանը: Տվյալ հետազոտության շրջանակում վերոնշյալ  մեթոդները օգնել են սննդի գործածումը կրճատել 10 տոկոսով:

Եվ այսպես, գիտնականները եզրակացրել են, որ թվերի, գրաֆիկների ու լուսացույցի մեթոդի օգնությամբ կալորիաների մասին տեղեկությունների ներկայացումը խրախուսում է, որ մարդիկ ավելի քիչ կալորիա օգտագործեն: Չնայած թվերի միջոցով կալորիաների մասին տեղեկությունների ներկայացումը կարող է լավագույն տարբերակը թվալ, բայցեւայնպես քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն, որ ոչ բոլոր սպառողներն ունեն թվերը ճիշտ մեկնաբանելու մեծ փորձ, այնպես որ լուսացույցի մեթոդը նրանց համար կարող է ավելի հասկանալի լինել: