Ապացուցողական բժշկությունը բժշկության առանձին ճյուղ չէ՝ ասենք սրտաբանության կամ վիրաբուժության նման, այլ ուսուցման, գիտական հետազոտությունների անցկացման ու բժշկական պրակտիկայի ոճ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ապացուցողականա բժշկության մասնագետների հայկական ասոցացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այս ոճը ենթադրում է, որ տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման ժամանակ պետք է կիրառել միայն այն մեթոդները, որոնց արդյունավետությունը, անվտանգությունն ու տնտեսական մատչելիությունն ապացուցվել են ապացուցողական մեթոդաբանության հիման վրա ճիշտ ծրագրված հետոզոտություններով:

Ի՞նչ է նշանակում ճիշտ ծրագրված հետազոտությունը

Ռ. Հովհաննեսյանի խոսքով, ապացուցողական բժշկությունը փաստորեն մեկ այլ գիտության՝ կլինիկական էպիդեմիոլոգիայի կլինիկական հավելվածն է: Կլինիկական էպիդեմիոլոգիան, ի տարբերություն պարզապես էպիդեմիոլոգիայի, որը զբաղվում է պոպուլյացիայի շրջանում ինֆեկցիոն հիվանդություններով, իրականացնում է հիվանդների ոչ մեծ խմբերի ոչ միայն ինֆեկցիոն, այլեւ բոլոր տեսակի հիվանդությունների հետազոտություն: Նման հետազոտություններ անցկացնելիս՝ հստակ ձեւակերպվում է խնդրո առարկա հարցը ՝ ո՞ւմ մոտ, ի՞նչ, ե՞րբ: Հարցը ձեւակերպելուց հետո դրան համապատասխան կառուցվում է հետազոտության պլանը՝ ինչ ծավալի ուսումնասիրություն է պետք, ինչ հսկիչ խումբ եւ ինչպես պետք է ձեւավորվի, որոնք են ներառման եւ բացառման չափորոշիչները: Մասնակիցների ընտրությունը պետք է պարտադիր իրականացվի ռանդոմային՝ այսինքն մասնակիցների պատահական ընտրության սկզբունքով, քանի որ նպատակային ընտրության դեպքում հետազոտության մեջ համակարգային սխալ կլինի:

Իսկ որտե՞ղ կարելի է գտնել այդ հետազոտությունները

Հովհաննեսյանի խոսքով, ինտերնետում այսօր կարելի է բազմաթիվ հետազոտություններ գտնել, բայց ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ ինտերնետում տեղադրված գիտական գրականության 70 տոկոսը աղբ է: 2011 թ տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում միայն բժշկական թեմայով ինտերնետում 4 մլն հոդված է հրապարակվում ու եթե դրանք բաժանենք 50 բժշկական մասնագիտությունների ու տարվա օրերի քանակին, ապա կստացվի, որ մեկ մասնագետը պետք է օրական 200 հոդված կարդա, ինչն անհնար է: «Դրա համար էլ գոյություն ունի ընթերցանության ալգորիթմ, որը ես սովորեցնում եմ իմ ուսանողներին երիտասարդ գիտնականների դպրոցում: Կարդալ պետք է ապացուցողական բժշկության բազաներում, խոսքն առաջին հերթին կոկանյան գրադարանի մասին է, որտեղ կլինիկական բոլոր հարցերի շուրջ սիստեմատիկ ամփոփագրեր են հավաքված: Սիստեմատիկ ամփոփագրերը կազմում է փորձագետների խումբը, որը վերլուծում է բոլոր 4 միլիոն հոդվածները ու առանձնացնում նրանք, որոնք գիտական ապացույցներ են պարունակում»,- ասել է Ռ. Հովհաննիսյանը:

Կոկրենյան գրադարանից օգտվելու համար  բաժանորդագրվել է պետք, առանց բաժանորդագրության միայն կոնսպեկտված տարբերակներն են հասանելի, բայց Հայաստանի ազգային գիտաբժշկական գրադարանն այսօր ունի բաժանորդագրություն (տարեկան 2000 դոլարով):

Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցացիան երիտասարդ միավորում է, որը ստեղծվել է 2013 թ.: Այն մոտավորապես 30 անդամ ունի: Երկու տարվա ընթացքում Ասոցացիան ապացուցողական բժշկության մեթոդաբանության երիտասարդ գիտնականների երեք դպրոց է կազմակերպել, ինչպես նաեւ «Ապացուցողական բժշկություն՝տեսությունից պրակտիկա» համաժողովը, որը բոլորովին վերջերս է անցել՝ սեպտեմբերի 24-26-ը:

Facta sunt potentiora verbis. Երեւանում ապացուցողական բժշկության թեմայով գիտաժողով է բացվել 

Երեւանի բժշկական համալսարանի դասախոս. Ապացուցողական բժշկությունը մտածելակերպ է 

Կլինիկական պրակտիկան պետք է հիմնված լինի ապացուցողական բժշկության լավագույն ավանդույթների վրա . մասնագետ 

Մի՞թե Ապացուցողական բժշկությունը ճգնաժամ է ապրում 

Բացի դրանից Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ ապացուցողական բժշկության թեմայով դասախոսությունների եւ հեռահամաժողովների ցիկլ է կայացել: