Եթե ոգելից խմիչք խմելուց առաջ ասիական տանձ ուտեք, հաջորդ առավոտյան խումհարի ախտամիշները կարող են թեթեւանալ, հայտնում են ավստրալիական հետազոտության հեղինակները, որն իրականացվել է երկրի կառավարության աջակցությամբ:

Խումարի վրա տանձի ազդեցության մասին հետազոտողներն առաջին անգամ հայտնել են 2015թ. հունիսին: Այն ժամանակ նրանք հայտնաբերել էին, որ տանձի հյութն օգնում է ուժեղ խումհարից տառապող մարդկանց, ընդ որում պլացեբո ըմպելիքը նման էֆեկտ չունի:

Իսկ հիմա հետազոտողները հայտնում են, որ ամբողջական տանձ ուտելը նույն ազդեցությունն ունի, ինչ դրա հյութը խմելը: Ընդ որում տանձ ուտել կամ էլ տանձի հյութ խմել ցանկալի է ոգելից խմիչքից առաջ այլ ոչ թե հետո: Այդ ձեւով կարելի է պայքարել օրգանիզմի վրա ոգելից խմիչքի քայքայիչ ազդեցության դեմ:

Հայտնվելով օրգանիզմում, ոգելից խմիչքը իմունիտետի կողմից շղթայական բորբոքային արձագանք է առաջացնում, որը ֆիզիկապես արտահայտվում է մի շարք ախտանիշներով՝ կենտրոնանալու ունակության կորուստով, հիշողության խնդիրներով, ախորժակի՝ եւ ամենօրյա գործերի նկատմամբ հետաքրքրության կորուստով: Նաեւ ոգելիցի ազդեցության տակ ստամոքսը սկսում է ավելի շատ թթու արտադրել, ինչի պատճառով խմող մարդու մոտ որովայնի հատվածում ցավեր են սկսվում, սրտխառնոց կամ փսխում: Նաեւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխության հետեւանքով խմող մարդն իրեն հոգնած ու թույլ է զգում, իսկ տրամադրությունը՝ փչանում է:

Գիտնականները առայժմ չեն հասկանում խումհարի վրա տանձի ազդեցության մեխանիզմը, սակայն մի շարք այլ մթերքների ներգործության մեխանիզմն արդեն հաջողվել է բացատրել: Օրինակ լոլիկի հյութը պարունակում է նյութեր, որոնք ոգելից խմիչքի ազդեցությունից հետո նպաստում են օրգանիզմի վերականգնմանը՝ ու օգնում մարմնից դուրս հանել խմիչքի հետեւանքով գոյացած թույները: Բանանը նույնպես օգտակար է, քանի որ օրգանիզմը խմիչքից ջրազրկվում է ու կորցնում շատ օգտակար նյութեր, օրինակ կալիում, իսկ բանանը հարուստ է կալիումով ու օգնում է լրացնել դրա պաշարները:

Այս հետազոտության մասին հայտնում է Horticulture Innovation Australia ամսագիրը: