Մարդու աղիքների մանրէները կարգավորում են զանազան հիվանդությունների դեմ պայքարող գլուտատիոն հակաօքսիդանտի մակարդակը: Դա հայտնաբերել են Սթոքհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները:

Նրանց ստացած արդյունքների շնորհիվ հնարավոր կդառնա մշակել նոր պրոբիոտիկներ ու ավելի լավ հասկանալ շաքարախտի զարգացմանը մասնակցող մետաբոլիկ պրոցեսները  , նշում են փորձագետները:

Գիտնականները նշում են, որ աղիքների միկրոֆլորան կարգավորում է գլուտատիոնի մակարդակը ու ամինաթթուների մետաբոլիզմը ոչ միայն բարակ աղիներում, այլեւ լյարդում ու հաստ աղիքում: Բարակ աղիներում գիտությանը հայտնի ավելի քան 1000 տեսակի մանրէներ կան, իսկ դրանց ընդհանուր քանակը միլիարդների է հասնում: Այդ մանրէներից մի քանիսը գլիցին են գործածում՝ այն երեք ամինաթթուներից մեկը, որն անհրաժեշտ է օրգանիզմում հիմնական հակաօքսիդանտի՝ գլուտատիոնի սինթեզի համար:

Ստերիլ՝ այսինքն մանրէներ չպարունակող աղիներով մկների վրա կատարված փորձերի ժամանակ փորձագետները գնահատել են ամինաթթուների մակարդակն այն անոթներում, որոնցով արյունը հասնում է աղեստամոքսային տրակտին ու լյարդին: Նրանք ախտորոշել են գլիցինի ցածր մակարդակ հաստ աղիքում, իսկ դա վկայում է այն մասին, որ աղիքային մանրէներն են կարգավորում այդ օրգաններում գլոիտատիոնի մետաբոլիզմը:

Քանի որ գլիցինի ու մյուս ամինաթթուների մակարդակի նվազումը պայմանավորված է 2 րդ տեսակի շաքարախտով, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ, ու մետաբոլիկ այլ խանգարումներով՝ աղեստամոքսային տրակտում միկրոբային ամինաթթուների հետագա ուսումնասիրությունը կարող է լույս սփռել այդ հիվանդությունների զարգացման վրա, կարծում են փորձագետները: Աղիքների մանրէների ու գլուտատիոնի մետաբոլիզմի միջեւ կապի ուսումնասիրությունը կարող է նաեւ հանգեցնել այնպիսի սննդամթերքների կամ պրոբիոտիկների մշակմանը, որոնք օգտակար մանրէներ կմատակարարեն աղիքներին: 

Այս հետազոտության մասին հայտնում է Molecular Systems Biology ամսագիրը: