Քաղցած մարդկանց մոտ ագրեսիայի մակարդակի բարձրացումը բավականին տարածված երեւույթ է: ԱՄՆ Texas A&M Health Science Center School of Public Health –ի գիտնականները պարզել են, որ այս երեւույթը բացատրվում է այն էվոլյուցիոն մեխանիզմով, որը մարդկանց օգնում է գոյատեւել:
«Ամենահետաքրքիրն այն է, որ քաղցի զգացողությանն ուղեկցող ագրեսիան գոյատեւման մեխանիզմ է, - ասում է հետազոտության հեղինակ դիետոլոգ Բրենդա Բուստիլլոն, - ուղեղին հասնող գլյուկոզայի քանակը կրճատվում է երբ մենք ոչինչ չենք ուտում: Իսկ այդ ցուցանիշը շատ կարեւոր է, քանի որ շաքարի չափազանց ցածր մակարդակի դեպքում մեր ուղեղը սթերսի հորմոն է արտադրում: Երբ մարդու ուղեղը քաղցած է, ապա նույնիսկ ամենահասարակ առաջադրանքներն անելը կամ նույնիսկ մարդկանց հետ շփվելը շատ դժվարանում է»:
Շաքարն ուղեղի գլխավոր վառելիքն է, քանի որ նպաստում է կենտրոնանալու կարողությանն ու մտավոր ունակություններին: Որոշակի կապ կա գլյուկոզայի պակասի ու ինքնահսկողության մակարդակի նվազման միջեւ, որը դրսեւորվում է ագրեսիայի նոպաներով:
«Երբ մենք որեւէ բան ուտելու հնարավորություն չունենք, մենք զգում ենք մեր օրգանիզմի ֆիզիոլոգիական արձագանքը, որի հետեւանքով ֆրուստրացիայի զգացողություն է ստեղծում,- շարունակում է բժշկուհի Բուստիլոն,- Մեր ուղեղը պարզապես գլյուկոզայի պակաս ունի, դրա համար էլ նա դժվարանում է վերահսկել բարկությունը: Քաղցի սուր նոպաները նպաստում են սթրեսի հորմոնների արտադրմանը, իսկ դրանք ավելի դյուրագրգիռ են դարձնում մարդուն: Սակայն այդ վիճակը կարելի է հեշտությամբ կանխել, եթե օրվա ընթացքում մեր ընդունած սնունդը բաժանենք ոչ թե երեք, այլ 4-5 մասի, քչացնելով չափաբաժինները»:






