Հոթ դոգերի եւ նրբերշիկների բաղադրության 14.4 տոկոսը չի համապատասխանում փաթեթի վրա գրվածին։ Որոշ հոթ-դոգներում հնարավոր է գտնել նաեւ մարդկային ԴՆԹ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Clear Foods սպառողական խումբը, որը վերլուծել է 10 տարբեր ցանցերում 75 ապրանքանիշների կողմից վաճառվող 345 հոթ դոգ։
Անալիզի ժամանակ գիտնականներն օգտագործել են գենոմային տեխնոլոգիան, որը թույլ է տալիս ապրանքն ուսումնասիրել մոլեկուլյար մակարդակով՝ բաղադրիչ առ բաղադրիչ։ 14.4 տոկոս դեպքերում հոթ դոգներում հայտնաբերվել են հիգիենայի կամ փաթեթի վրա չնշված ավելորդ հավելումների հետ կապված ինչ-որ խնդիրներ։ Որոշ «բուսական» հոթ դոգերում գիտնականները մսի նմուշներ են հայտնաբերել, մյուսներում բացակայում էին այն բաղադրիչները, որոնք ապրանքանիշը գովազդում է։ Մարդկային ԴՆԹ-ն հայտնաբերվել է հոթ դոգների 2 տոկոսի եւ բուսակերների համար նախատեսված ապրանքների 66 տոկոսի մեջ։ Իսկ թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել, պարզ չէ։
Բուսակերներից շատերը հաճույքով ուտում են միս չպարունակող հոթ դոգեր, ուստի նրանց համար շատ տհաճ կլինի իմանալ, որ շատ բուսական նրբերշիկներում կա ինչպես խոզի, այնպես էլ հավի եւ կովի միս, թեպետ փաթեթի վրա դա բնականաբար նշված չէ։
Սակայն ամերիկյան որոշ հոթ դոգներ ամեն դեպքում համապատասխանում են հայտարարագրված չափանիշներին եւ աչքի են ընկել շատ բարձր որակով, ինչն ուրախացրել է հետազոտողներին։






