Օրական երեք բաժակ երիցուկի թեյը կարող է օգնել շաքարախտով տառապողներին վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Այս մասին պատմում են իրանցի գիտնականները՝ Թեբրիզի համալսարանից:

Փորձի շրջանակում հետազոտողները շաքարախտով տառապող 64 հիվանդների ուտելուց հետո օրական երեք բաժակ երիցուկով թեյ են տվել: Հսկիչ խմբում կամավորները նույնքան քանակության ջուր են ստացել: Պարզվել է, որ թեյ խմողների խմբում արդեն երկու ամիս հետո արյան մեջ շաքարի մակարդակը նվազել է, նաեւ աճել է հակաօքսիդանտների ցուցանիշը, որոնք չափազանց կարեւոր են առողջության համար: Ընդհանուր առմամբ նրանց ինքնազգացողությունը ամրապնդվել է, իսկ տրամադրությունը նկատելիորեն բարձրացել: Ոչ մի կողմնակի էֆեկտ հիվանդների մոտ չի նկատվել: Միեւնույն ժամանակ շաքարախտով հիվանդների հսկիչ խմբում, որը ջուր էր գործածում, արյան մեջ շաքարի մակարդակի որեւէ փոփոխություն չի հայտնաբերվել:

Բոլոր կամավորները արյան կանոնավոր անալիզներ են հանձնել, որոնք ցույց են տվել, որ մարդու համար անվնաս երիցուկի թեյը ընդամենը 8 շաբաթվա ընթացքում թույլ է տալիս նկատելի փոփոխություններ ապահովել, որոնք ոչ միշտ են հնարավոր դեղերի օգնությամբ, որոնք բացի ամենայնից՝ նաեւ մի շարք կողմնակի էֆեկտներ էլ ունեն:

Երիցուկի թեյի դրական էֆեկտը գիտնականների կարծիքով կարող է բացատրվել դրա մեջ պարունակվող հակաօքսիդանտային քվերցետինով: Այն ազդում է ֆերմենտների վրա, որոնք կարեւոր դեր են կատարում շաքարախտի զարգացման հարցում: Հենց դրա համար էլ երիցուկով թեյի գործածումը կարելի է բուժական համարել ու բժիշկները պետք է շաքարախտով հիվանդներին խորհուրդ տան, որ նրանք այդ ըմպելիքն ընդգրկեն իրենց սննդակարգում:

Այս հետազոտության մասին հայտնում է Nutrition գիտական ամսագիրը: