Ամբողջ աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող սուրճի մեջ կարող են պարունակվել վտանգավոր միկրոթունանյութեր, որոնք ի վիճակի են լուրջ վնաս հասցնել մարդու օրգանիզմին:  Այդ մասին հայտնել է գիտական Food Control ամսագիրը:

Պարբերականը ներկայացրել է այն հետազոտությունների արդյունքները,մ որոնք անցկացրել են Իսպանիայի Վալենսիայի համալսարանի գիտնականները: Նրանք պարզել են, որ սուպերմարկետներում վաճառվող սուրճում կարող են պարունակվել միկրոթունանյութեր, որոնք արտադրվում են մանրագույն բորբոսային սնկերի կողմից: 

«Միկրոթունանյութերն ամենից հաճախ սինթեզվում են  Aspergillus եւ Fusarium տեսակի սնկերի կողմից, որոնք մթերքների վրա զարգանում են պահպանման պայմանների խախտման հետեւանքով: Արդեն իսկ հայտնի էր, որ վտանգավոր նյութեր արտազատող բորբոսը հատկապես հաճախակի հարձակվում է հատիկավոր բույսերի, ընդեղենի եւ սերմերի վրա», - հայտնել են հետազոտության հեղինակները:

Վալենսիայի սուպերմարկետներում գնված տարբեր ապրանքանիշների պատկանող սուրճի 103 նմուշների ստուգումը հաստատել է, որ սուրճն էլ է պատկանում այն մթերքների թվին, որոնք առեւտրական կետերում պահպանվելիս վարակվում են թունավոր սնկերով: Հետազոտողների խոսքով, բոլոր նմուշները այնպիսի նյութեր են պարունակել, ինչպիսին են աֆլատոքսինները, ֆումոնիզինները, տրիխոտեցենները, օքրատոքսինները եւ այլն, ընդ որում` երբեմն մեծ խտությամբ: Բոլոր այդ նյութերը, հատկապես` աֆլատոքսինները, պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդու օրգանիզմի համար. Համարվում է, որ դրանք կարող են լյարդի քաղցկեղ առաջացնել, խախտել հորմոնալ իմունային համակարգի աշխատանքը: 

«Հինգ նմուշում երիկամները վնասող օքրատոքսինի  մակարդակը`միկրոթունանյութերից միակի, որի համար Եվրահանձնաժողովը սննդամթերքում պահպանության անվտանգ նորմեր է մշակել, զգալիորեն գերազանցել է ցուցանիշները, մի անգամ` վեց անգամ», - ստուգման արդյունքներն են ներկայացրել հեղինակները: Նրանք նաեւ նշել են, որ առանց կոֆեինի սուրճի նմուշները ավելի շատ են վարակված միկրոթունանյութերով, քան սովորական սուրճը:

Սակայն մասնագետները բոլորովին կոչ չեն անում կրճատել սուրճի օգտագործումը կամ լրիվ հրաժարվել դրանից:  Նրանց կարծիքով, մարդկանց առողջության համար սուրճի մեջ պարունակվող միկրոթունանյութերի  վտանգավորությունը գնահատելու համար լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: