Որքան հաճախ է երեխան տեսնում ֆասթ ֆուդի գովազդ, այդքան ավելի հաճախ է ուզում ընտանիքի հետ միասին այցելել արագ սննդի այն ռեստորանը , որը ցուցադրվել է գովազդում, մանավանդ  խաղալիքներ էլ են ցուցադրվում: Այս մասին հայտնում են ամերիկյան գիտնականները՝ Դարթմութի Գիզել բժշկական դպրոցից:

Հետազոտության մասնակցել են 3-7 տարեկան 100 երեխա ու նրանց ծնողները: Ծնողները պատասխանել են հարցաթերթիկի հարցերին, որոնք գնահատում էին հեռուսատատեսային գովազդ դիտելու ու արագ սննդի ռեստորաններ այցելելու հաճախությունը:

Մասնագետները պարզել են, որ ծնողների 37 տոկոսը իր երեխաների հետ հաճախ է այցելում արագ սննդի առնվազն երկու ռեստորան , որոնց գովազդը երեխաները հաճախ են դիտում հեռուստատեսությամբ, իսկ 44 տոկոսն էլ  առնվազն մեկ գովազդվող ռեստորան է այցելում: Այդ երեխաների մեծ մասը ռեստորան են գնում՝ նոր խաղալիք ձեռք բերելու պատրվակով:

Փորձագետները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին զերծ պահել նման բնույթի գովազդային հաղորդագրություններից, քանի որ ֆասթ ֆուդը գրեթե չի պարունակում որեւէ  սննդարար ու օգտակար նյութ, որն անհրաժեշտ է երեխայի աճի ու նորմալ զարգացման համար, իսկ արագ սննդի ռեստորանների կանոնավոր այցելությունները կարող են ճարպակալման, շաքարախտի ու սրտանոթային խնդիրների պատճառ դառնալ: