Մարդիկ հիվանդ ժամանակ աշխատանքի են գնում գործատուի բարձր պահանջների, սթրեսի ու աշխատանքը կորցնելու վախի պատճառով, հայտնել են Իսթ Անգլիայի համալսարանի հետազոտողները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Occupational Health Psychology ամսագրում:
Նման վարքագիծը հեղինակները համեմատում են պրեզենտեիզմի՝ այն իրավիճակի հետ, երբ աշխատողն ավելի երկար է աշխատում, քան նշված է աշխատանքային պայմանագրում: Որպես կանոն, դա տեղի է ունենում հիվանդության պատճառով, որի հետեւանքով մարդը չի կարողանում կատարել իր պարտավորությունները ու ստիպված է լինում ավելի երկար մնալ աշխատավայրում:
Սակայն պրեզենտեիզմի հետ կարող է կապակցված լինել ոչ միայն աշխատակցի վատ ինքնազգացողությունը, այլեւ նրա բարձր մոտիվացիան ու կորպորատիվ համերաշխությունը:
Իրենց աշխատությունում գիտնականները վերլուծել են 61 հետազոտություններ, որոնք ներառում են ավելի քան 175 հազար մասնակիցների՝ աշխարհի 34 երկրներից: Դրանց օգնությամբ հեղինակները մշակել են համապատասխան վերլուծական մոդել՝ պրեզենտեիզմի ու աշխատանքից բացակայելու հիմնական պատճառները բացահայտելու համար:
Ըստ հետազոտության տվյալների՝ եթե գործատուն ընդառաջ է գնում ենթականերին բացակայությունների ու առողջական վիճակով պայմանավորված բուժվճարների հարցում, ապա նրանց աշխատանքի արդյունավետության ցուցանիշները զգալիորեն բարձրանում են:
Աշխատակիցների ժամանակավոր անաշխատունակության պատճառով գործատուների կրած հիմնական կորուստները պայմանավորված են ոչ թե աշխատավայրում նրանց բացակայությամբ, այլ նրանց անարդյունավետ ներկայությամբ:






