Գիտնականներն արդեն վաղուց պնդում են, որ  D վիտամինի պակասը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա, մեծացնում է պսակաձեւ զարկերակների հիվանդության, սրտի եւ ուղեղի կաթվածի ռիսկը։ Այժմ նոր հետազոտությունը ցույց է տվել, թե արյան մեջ նման վիտամինի որ մակարդակներն են վտանգավոր առողջության համար։ 

Սոլթ-Լեյք-Սիթիում Intermountain Medical Centre Heart Institute կենտրոնի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ եթե  D վիտամինի մակարդակը 15 նգ/մլ-ից պակաս է, հիվանդները բուժման կարիք ունեն։  Չնայած D վիտամինի 30 նգ/մլ մակարդակն ավանդաբար նորմալ է համարվում, վերջերս որոշ մասնագետներ ենթադրում են, որ  15 նգ/մլ-ից բարձր ցուցանիշները անվտանգ մակարդակ են համարվում, չնայած այս տվյալները ամրապնդվել են մինչեւ այժմ կատարված հետազոտություններով։ 

Ընդ որում մեր մոլորակի ամեն տասը մարդու մոտ այդ վիտամինի մակարդակը նույնիսկ  15 նգ/մլ-ից ցածր է։ Ավելի քան 230 հազար մարդու մասնակցությամբ կատարված հետազոտությունը ցույց է տվել այդ վիտամինի դերը։  Գիտնականներին հատկապես հետաքրքրել են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, ներառյալ պսակաձեւ զարկերակի հիվանդությունները, սրտի, ուղեղի կաթվածները, սրտի կամ երիկամի կանգը, ինչպես նաեւ մահվան դեպքերը։  Վիտամին D –ի 15-ից ցածր մակարդակ ունեցող հիվանդների 9 տոկոսի մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մեծանում էր 35 տոկոսով։

Վիտամին D-ն, որը հայտնի է նաեւ ոսկրերի առողջության վրա իր ազդեցությամբ, մեր օրգանիզմում արտադրվում է առավելապես արեւի ճառագայթների ազդեցությամբ։  Հենց դրա համար էլ գիտնականները խորհուրդ են տալիս արձակուրդն անցկացնել արեւոտ երկրներում։  Այն կարելի է ստանալ նաեւ որոշ մթերքներից՝ ձվի դեղնուցից, պանրից եւ ձկան յուղից։ Արյան անալիզները կարղ են պարզել այդ վիտամինի մակարդակը եւ դրա պակաս ունեցող մարդկանց հաճախ խորհուրդ են տալիս սննդային հավելումներ գնել։ Սակայն սովորաբար հավելյալ թերապիայի կարիք չեն ունենում նրանք, ովքեր հանգստանում են արեւոտ հանգստավայրերում։