Մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը կարող է կախված լինել ԴՆԹ-ի մուտացիայի «ժամացույցից», որը հայտնաբերվել է մարդու օրգանիզմի գրեթե բոլոր բջիջերում։ Այդ բացահայտման մասին տեղեկացրել է Nature Genetics ամսագիրը։
Խոսքը ԴՆԹ-ի այն մուտացիաների մասին է (առանձին գեների փոփոխության), որոնք տեղի են ունենում տարբեր արագությամբ։ Մի քանի մուտացիայի կուտակումը ԴՆԹ-ի վնասման եւ ի վերջո քաղցկեղի է հանգեցնում։
Մայքլ Սթրեթոնը Քեմբրիջի Սենգերի ինստիտուտից երկու տեսակի «ժամացույց» է հայտնաբերել, որոնք նշում են մուտացիաների արագությունը մարդու օրգանիզմի գրեթե բոլոր բջիջներում։ Գիտնականները նաեւ պարզել են տարբեր հյուսվածքներում դրանց «ընթացքի» արագությունը։
Գիտնականները նախ քաղցկեղի 36 տարբեր տեսակներից տառապող 10 000 հիվանդի մոտ հետազոտել են ԴՆԹ-ի շղթաները։ Հատուկ ալգորիթմը թույլ է տվել «քաղցկեղային» գենոմներում ի հայտ բերել մուտացիայի որոշակի համակարգեր, այսպես կոչված՝ ստորագրություններ։ Հետո այդ ստորագրությունների մեջ գտել են այնպիսինները, որոնք առանձնանում են մուտացիայի կանոնավոր բնույթով եւ որոնց աճի արագությունը կապված է մարդու տարիքի հետ։ Նման երկու ստորագրություն է հայտնաբերվել եւ «ժամացույցի» երկու տեսակն էլ սկսում են «տկտկալ» դեռեւս առողջ հյուսվածքներում, ընդգծում են գիտնականները։
Առաջին «ժամացույցը» Սթրեթոնը միտոտիկ է կոչել։ Դա կապված է այն մուտացիաների հետ, որոնք առաջանում են բջիջների կիսվելու հետեւանքով։ «Մուտացիաների արագությունը կախված է հյուսվածքներում բջիջների շրջանառության արագությունից։ Ապագայում մենք կկարողանանք այդ թիվն օգտագործել հասկանալու համար, թե քանի բջիջ է կիսվել», - նշել է գիտնականը։ Երկրորդ «ժամացույցի» մասին գիտությանը գրեթե ոչինչ հայտնի չէ։ Հավանական է, որ այն ինչ-որ կերպ կապված է ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմների գործունեության սխալի հետ։
Իմանալով հիվանդի տարիքը՝ գիտնականները կարողացել են պարզել տարբեր հյուսվածքներում «ժամացույցի» աշխատանքի արագությունը։ Այսպես, ամենից ավելի հաճախ մուտացիաներ են կուտակվում ստամոքսի եւ աղիքների բջիջներում (տարեկան ամեն բջջին մոտ 23 մուտացիա է բաժին ընկնում), իսկ ամենից դանդաղ՝ կաթնագեղձերի եւ ձվարանների բջիջներում (տարեկան 3-4 մուտացիա)։
Քանի որ առողջ բջջի՝ քաղցկեղայինի վերափոխման ընթացքում այդ ժամացույցի աշխատանքը չի դադարում, այն կարող է մետաստազների առաջացման արագության կամ էլ դեղամիջոցներին քաղցկեղային բջիջների դիմադրողականության արժեքավոր ցուցիչ հանդիսանալ։ Գիտնականները նաեւ հույս ունեն ժամացույցի օգնությամբ կանխատեսել բջիջների՝ չարորակի վերածվելու պահը։
Ինչպես նշել է բժիշկ Սթրեթոնը, գիտնականները դեռ պիտի պարզեն, թե արդյոք տարբեր մարդկանց մոտ մուտացիաների տեմպը տարբեր է. եթե այո, ուրեմն դրա ցուցիչներով հնարավոր կլինի գուշակել, թե ինչքան ժամանակ է մնացել մինչեւ քաղցկեղի ի հայտ գալը։
Ավելին, գիտնականի կարծիքով այդ մուտացիաների արագության փոփոխությունը տեսականորեն կարող է դանդաղեցնել քաղցկեղի առաջացումը։ Իհարկե առայժմ հայտնի չէ, թե ընդհանրապես հնարավո՞ր է ազդել դրանց արագության վրա։






