Շատերի սիրած տապակած կարտոֆիլը` խռթխռթան կեղեւով կարող է չարորակ նորագոյացությունների պատճառ դառնալ: Այդ մասին զգուշացնում են Մեծ Բրիտանիայի սննդային ստանդարտների գործակալության հետազոտողները:
Հարցն այն է, որ տապակած մթերքում շատ բարձր է ակրիլամիդի` այն թունանյութի մակարդակը, որը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը: Դրա տոկոսը հատկապես բարձր է տապակած կարտոֆիլում, չիփսերում եւ տոստերում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է կարտոֆիլը տապակել մինչեւ թեթեւակի ոսկեգույն կեղեւի առաջացումը: Նույնը վերաբերում է չիփսերին: Իսկ հացը պիտի տոստերում հնարավորինս թույլ գունավորում ստանա:
Հետազոտողները պարզել են, որ ինչքան ավելի խռթխռթան են տապակած կարտոֆիլն ու չիփսերը, այնքան նրանցում բարձր է ակրիլամիդի մակարդակը: Նույնը վերաբերում է նաեւ տոստերին: Այդ քիմիկատը, որը վաղուց արդեն քաղցկեղածին է հայտարարված, ձեւավորվում է ամինաթթուների, շաքարի եւ ջրի միջեւ ռեակցիաների արդյունքում: Այն հայտնաբերվում է կարտոֆիլում եւ հացում, երբ դրանք 120 աստիճանից բարձր խոհարարական ազդեցության են ենթարկվում:
Խնդիրն այն է, որ ամենահամեղ` մուգ գույնի եւ խռթխռթան կարտոֆիլը ակրիլամիդի ամենաբարձր մակարդակն է պարունակում: Հետազոտությունը այդ տոքսինի վարիացիաներ է ցույց է տվել` կախված նրանից, թե կարտոֆիլը կամ հաց ջերմային ինչ մշակման են ենթարկվել:






