Քլիվլենդի հիվանդանոցում սկսվել են ԱՄՆ-ում առաջին` արգանդի փոխպատվաստման կլինիկական հետազոտությունները: Հետազոտության համար 10 կին կընտրեն, որոնց դոնորներից վերցված արգանդ կպատվաստեն եւ որոնք կփորձեն երեխա ունենալ: 

Ինչպես պատմում են Քլիվլենդի հիվանդանոցի մասնագետները, արգանդի զարգացման, կառուցվածքի եւ տեղադրության թերություններ ունեցող կանայք, ինչպես նաեւ նրանք, որոնք առանց արգանդի են ծնվել, չեն կարող ինքնուրույն հղիանալ: Սակայն վերջերս մեթոդներ են ի հայտ եկել, որոնք   հնարավորություն են տալիս նման հիվանդներին դոնորական առողջ արգանդ պատվաստել, որը պիտանի է հղիության եւ ծննդաբերության համար: 

Հետազոտության մեջ ներգրավված կլինեն մեծ թվով մասնագետներ, որոնց թվում կան արտամարմնական բեղմնավորման մասնագետ, բարդ դեպքերի մասնագետ մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ-փոխպատվաստող եւ այլն: 

Հետազոտության համար ընտրված 21-39 տարեկան հիվանդները մի շարք արարողակարգային միջոցառումներ կանցնեն. առաջին փուլում հիվանդի ձվարանները խթանվում են ձվաբջիջ արտադրելու համար, որոնք հետո կվերցնեն, արհեստականորեն կբեղմնավորեն եւ կսառեցնեն:  Հետո անհրաժեշտ կլինի նրանցից յուրաքանչյուրի համար կամավոր դոնորի արգանդ ընտրել, որը պիտի փոխպատվաստվի ստացումից ոչ ուշ, քան 6-8 ժամվա ընթացքում: Հիվանդի նոր օրգանի ամբողջական «ակլիմատիզացիան» մոտ մեկ տարի կտեւի, ինչից հետո մեկը մյուսի հետեւից արգանդի մեջ կտեղավորվեն բեղմնավորված ձվաբջիջները, մինչեւ որ նրանցից մեկը կպնի  եւ նորմալ հղիություն սկսվի:  Ծննդաբերությունը կատարվում է կեսարյան հատման միջոցով: 

Օրգանի պոկվելը կանխարգելելու համար կանանցից կպահանջվի անընդհատ իմունոդեպրեսանտներ ընդունել եւ ամեն ամիս հետազոտություն անցնել:  Բայց դա ընդմիշտ չէ. արգանդն այն օրգանների թվին չի պատկանում, որոնք պիտի  «աշխատեն» հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Դրա խնդիրը կնոջը մեկ-երկու երեխա ծնելու հնարավորություն տալն է, ինչից հետո օրգանը կարող է նորից հեռացվել: 

Առաջին անգամ այդ եղանակը կիրառվել է Հետեբորգի համալսարանում` Մեթց Բրենստրեմի (Mats Brännström) խմբի կողմից:  Կենդանիների վրա մի շարք հաջող փորձարկումներից հետո բժիշկները 2013-ին Մայեր-Ռոքիտանսկի-Կյուստեր-Հաուզերի համախտանիշով տառապող մի կնոջ դոնորական արգանդ են պատվաստել: 2014-ի սեպտեմբերին արգանդի բնածին թերություն ունեցող 36-ամյա կինը բարեհաջող ծննդաբերել է եւ արդեն մեկ տարի անց շվեդ բժիշկներն ինը նման վիրահատություն էին կատարել, որոնցից հինգն ավարտվել էին հղիությամբ, իսկ չորսը` ծննդաբերությամբ: 

Այս առաջին հաջողություններից հետո մեթոդի փորձարկումներ են սկսվել նաեւ այլ երկրներում: Մի քանի ամիս առաջ նման աշխատանքի սկզբի մասին են տեղեկացրել լոնդոնյան Քուին Չառլոթս հիվանդանոցի գինեկոլոգները, որոնք աշխատում են բժիշկ Ռիչարդ Սմիթի ղեկավարությամբ (Richard Smith):

Իսկ վերջերս` այս տարվա սեպտեմբերին Քլիվլենդի համալսարանի նրանց ամերիկացի գործընկերները սկսել են կին կամավորների փնտրտուքը, որոնք համաձայն են մասնակցել ԱՄՆ-ում բուժման այդ եղանակի կլինիկական փորձարկումներին:  Աշխատանքները ղեկավարում է Անդրեաս Ցակիսը (Andreas Tzakis), արգանդի փոխպատվաստումից հետո ծննդաբերության առաջին «հեղինակներից» մեկն աշխարհում:  

Հավաստի տվյալներ չկան այն մասին, թե որքան տարածված են արգանդի բնածին եւ ձեռքբերովի, զարգացման եւ տեղադրության թերությունները, բարորակ աճումները, բայց այդ բոլոր խնդիրները կնոջը շատ փոքր ընտրություն են թողնում. որդեգրված երեխաներ մեծացնել կամ էլ փոխնակ մայր փնտրել: Սակայն որոշ մարդկանց այդ տարբերակները կարող են հարմար չլինել, մանավանդ որ փոխնակ մայրությունը ոչ բոլոր երկրներում է թույլատրված: