Սովորական խմելու ջուրը կարող է օգնել «թարմացնել» ուղեղը` դրանով իսկ բարելավելով մարդու մտավոր ունակությունները: Այդ մասին պատմել են Արեւելյան Լոնդոնի համալսարանի մասնագետները:
«Ջրի օգտագործումը 14 տոկոսով բարելավում է ուղեղի աշխատանքի արդյունավետությունը», - ընդգծել են նրանք:
Հետազոտությանը 34 կամավոր է մասնակցել: Նրանք բոլորը երկու անգամ ինտելեկտի թեստ են անցել. առաջին անգամ հատիկավորներով նախաճաշելուց հետո, իսկ երկրորդ անգամ համանման նախաճաշից հետո, որին մի շիշ ջուր էր ավելացվել: Արդյունքները ցույց են տվել, որ մի շիշ ջրից հետո ուղեղի ակտիվությունն անմիջապես մեծացել է:
Գիտնականների կարծիքով, հեղուկ օգտագործելուց հետո ուղեղի ակտիվության բարելավումը կարող է կապված լինել ծանրաբեռնվածության թուլացմամբ ուղեղի այն հատվածներում, որոնք օրգանիզմին խմելու ազդանշան են տալիս: Մասնագետները հիշեցնում են, որ խոնավության համապատասխան մակարդակը շատ կարեւոր է ամբողջ օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Սակայն այդ մակարդակի նվազումը ոչ միշտ է արտահայտվում ծարավի զգացմամբ, ինչի հետեւանքով մարդիկ ջուր չեն խմում, չնայած դրա կարիքն ունեն:
Տարիքից, քաշից եւ այլ առանձնահատկություններից անկախ, բոլոր մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ խմել ջուրը, ոչ թե հետո: Օպտիմալը սնունդն ընդունելուց 15-30 րոպե առաջ 1-2 բաժակ ջուր խմելն է: Օրվա ընթացքում եւս օգտակար է ժամանակ առ ժամանակ մի քիչ ջուր խմել: Սակայն կարեւոր է հետեւել, որ օգտագործվող հեղուկի ծավալը չափից մեծ չլինի:






