Երեկոյան դպրոցները, ինստիտուտներն ու տարբեր ուսումնական դասընթացները կարող են զգալիորեն բարելավել մտածողական կարողությունները եւ նվազեցնել տարեցների մոտ Ալցհայմերի հիվանդության եւ ձեռքբերովի թուլամտության այլ ձեւերի զարգացումը: Նման եզրահանգում են արել Տասմանիայի համալսարանի ավստրալացի հետազոտողները

Նրանք հետեւել են 50-ից 79 տարեկան 359 մարդու առողջական վիճակին: Բոլոր կամավորները մտածողական թեստեր են անցել, իսկ հետո մի ամբողջ տարի սովորել են քոլեջում: Հետո երեք տարի շարունակ գիտնականները դիտարկել են նրանց:  

Կամավորների առաջընթացը համեմատել են նույն տարիքն ունեցող, 100 մարդուց բաղկացած վերահսկողական խմբի արդյունքների հետ, որոնք այդ ընթացքում ոչ մի դասընթացի չէին մասնակցել: Պարզվել է, որ ուսմանը վերադարձածների  92 տոկոսն էականորեն բարելավել է իր ուղեղի ճանաչողական կարողությունները, մինչդեռ վերահսկողական խմբում նման մարդիկ  56 տոկոս են կազմել:

Քոլեջի ուսանողների մնացած 8 տոկոսը իր ուղեղի ճանաչողական կարողությունները պահպանել է նույն մակարդակում: Ամեն դեպքում ոչ մեկի մոտ հետընթաց չի արձանագրվել: Ընդ որում, կամավորների սեռը, շփվողականության աստիճանը եւ ընդհանուր ինքնազգացողությունը ոչ մի կերպ չեն ազդել արդյունքների վրա: 

Նախորդ հետազոտություններն ապացուցել են, որ մտածողական կարողությունների բարելավումը կարող է օգնել դանդաղեցնելու մտավոր գործունեության` ծերացմամբ պայմանավորված թուլացումը: Այնինչ` հենց այդ թուլացումն է ձեռքբերովի թուլամտության, այդ թվում նաեւ Ալցհայմերի հիվանդության ամենամեծ ռիսկերից մեկը:    

Ուղեղին ամենաշատը օգուտ է տալիս հատուկ ուսանողական կամպուսում ապրելով ուսուցումը, որովհետեւ հետազոտողների կարծիքով դա նաեւ նպաստում է շփման շրջանակի ընդլայնմանը, ինչը եւս կարեւոր է ուղեղի գործունեության բարելավման համար: