Բրոկոլին ոչ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղի զարգացումը, այլեւ օգտակար է դրա բուժման համար: Բրոկոլիում առկա նյութերը զսպում են աղիքների  եւ շագանակագեղձի չարորակ ուռուցքների բջիջների զարգացումը` թերապիան ավելի արդյունավետ դարձնելով:  Այդ մասին տեղեկացնում են Թեքսասի  A&M առողջության կենտրոնի մասնագետները: 

Բոլոր մարդկանց, սեռից ու տարիքից անկախ, վաղուց խորհուրդ են տալիս կանաչ բանջարեղեն օգտագործել, որոնց` առողջության համար օգտակար հատկանիշների թվարկումը վերջ չունի: Սակայն այժմ վերոհիշյալ կենտրոնի գիտնականների խումբը բրոկկոլիի եւս մի օգտակար հատկանիշ է հայտնաբերել. սուլֆորաֆան նյութը, որը պարունակում է  այդ բանջարեղենը, ոչ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղը, այլեւ բուժումն ավելի արդյունավետ է դարձնում: 

Իհարկե, դա չի նշանակում, թե բրոկոլիի մզուկը կարող է օգտագործվել ավանդական քիմիաթերապիայի կամ ճառագայթման փոխարեն: Բոլոր այդ պրոցեդուրաներն անհրաժեշտ է շարունակել, միաժամանակ ցանկալի է հնարավորինս շատ բրոկոլի ուտել, խորհուրդ են տալիս գիտնականները: 

Սուլֆորաֆան նյութը հանդիպում է նաեւ այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ, օրինակ`  սպիտակ եւ բրյուսելյան կաղամբի մեջ, սակայն ամենից շատ այդ նյութը պարունակվում է հենց բրոկոլիում: Դրա համար էլ գիտնականները խորհուրդ են տալիս սեփական սննդի մեջ ներառել այդ բանջարեղենները կամ էլ դրանց հիմքի վրա ստեղծված սննդային հավելումներ: 

Քաղցկեղի բուժման գործում բրոկոլիի արդյունավետության վերաբերյալ հետազոտության մասին տեղեկացնում է Clinical Epigenetics-ը: