Հոր ընթացիկ զանգվածի եւ ճարպակալմանը նրա հակվածության մասին տեղեկությունը սպերմատոզոիդների հետ միասին բեղմնավորման ընթացքում փոխանցվում է երեխային: Այդ մասին ասվում է Cell Metabolism ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մենք սովոր ենք համարել, որ հղի կանայք պիտի իրենց մասին հոգ տանեն` ալկոհոլ չխմեն, քաղցկեղածինների եւ աղտոտող նյութերի ազդեցությանը չենթարկեն իրենց եւ այլն: Եթե մեր եզրահանգումները ճիշտ են, այդ ամենը պիտի անեն նաեւ տղամարդիկ», — ասել է Ռոմեն Բարրեն (Romain Barres) Կոպենհագենի համալսարանից (Դանիա):
Ինչպես պատմում է Բարրեն, այդ հետազոտությունն իրականացնելու գաղափարն իր գլխում ծագել էր այն բանից հետո, երբ ծանոթացել էր Շվեդիայի մի գյուղակում անցկացված անսովոր հետազոտությանը, որի բնակիչները մի քանի սերունդ առաջ դաժանագույն սով էին ապրել:
Ուսումնասիրելով բնակիչների գենոմները, գիտնականները նկատել էին, որ իրենց նախապապերի եւ նախատատերի ապրած քաղցի մասին տեղեկատվությունը տպվել է այսպես կոչված էպիգենետիկ հիշողության մեջ` սպիտակուցային «փաթեթավորման», որում պահվում են ԴՆԹ-ի թելերը: «Փաթեթավորումից» բացի, նման տարբերանշաններ կարող են առկա լինել նաեւ գեների մակերեւույթին, ինչպես նաեւ կարճ ՌՆԹ-ներում: Այդ «հետքը» բացասաբար է ազդել գյուղացիների առողջության վրա:
Այդ փորձարկման արդյունքներն ուսումնասիրելով` Բարրեն ու իր գործընկերները ենթադրել էին, որ քաղցի եւ մարդու զանգվածի մասին տեղեկությունը կարող են փոխանցվել ոչ միայն մայրական ձվաբջջի ԴՆԹ-ի «փաթեթավորմամբ», այլեւ հոր ԴՆԹ-ի վրա էպիգենետիկ նշաններով: Գիտնականները ստուգել են այդ տեսությունը` մի քանի նիհար եւ գեր տղամարդուց սերմնահեղուկի նմուշներ հավաքելով:
Ինչպես պարզվել է, սպիտակուցային «փաթեթավորման» մեջ տարբերություններ չեն եղել, փոխարենը դրանք առկա են եղել մեթիլային տարբերանիշերում` գեների մակերեւույթին:
Տարբերություններ հայտնաբերելով` հոդվածի հեղինակներն ինքնատիպ մեթոդով ստուգել են, թե դրանք իրո՞ք ավելորդ քաշից են առաջացել. նրանք փորձարկման գեր մասնակիցներին նիհարելու հնարավորություն են տվել` ստամոքսի կրճատման անվճար վիրահատություն անցնելու միջոցով: Մի քանի շաբաթ անց կենսաբանները նոր սերմնահեղուկ վերցրեցին եւ տարբերանշանների կառուցվածքը մի անգամ եւս համեմատեցին:
Տվյալ փորձարկումը հաստատել է, որ էպիգենետիկ հիշողության կառուցվածքը իրոք արտացոլում էր տղամարդու քաշը: Նիհարելուց հետո մեթիլային տարբերանշանները դարձյալ փոխվել էին` անցնելով այնպիսի վիճակի, որում նրանք փորձարկման սլացիկ մասնակիցների ԴՆԹ-ում էին:






