Հոգեթերապիան եւ հակադեպրեսանտների ընդունումը հավասարապես արդյունավետ են դեպրեսիայի ծանր դրսեւորման բուժման դեպքում, տեղեկացնում են Հյուսիսային Կարոլինայի   Research Triangle ինստիտուտ-համալսարանի գիտնականները:  Ավելին` հոգեթերապեւտների հետ զրույցներն այնպիսի վտանգավոր կողմնակի հետեւանքներ չեն ունենում, որքան դեղամիջոցները:  

Վերոհիշյալ գիտնականները 11 կլինիկական հետազոտության մետաանալիզ են անցկացրել` հակադեպրեսանտների արդյունավետությունը համեմատելով հոգեթերապեւտիկ ավանդական մոտեցումների հետ, ինչպիսին է կոգնիտիվ պահվածքային թերապիան: Հետազոտության ընթացքում վիճակագրական ոչ մի տարբերություն չի հայտնաբերվել դեղերի ընդունման եւ հոգեթերապիայի արդյունավետության միջեւ: 

Հետազոտողները ստուգել են դեղերի եւ հոգեթերապիայի ազդեցությունը ավելի քան 1500 հիվանդի վրա: Նրանց մի մասը դեղեր է ստացել սերատոնինի հետառգրավման  սելեկտիվ ինհիբիտորների կարգից, իսկ մյուսները հոգեթերապիայի կանոնավոր  կուրսեր են անցել: Երկու խմբում էլ մոտավորապես   45 տոկոսի մակարդակում ախտանիշների բարելավում է արձանագրվել:

Մասնագետների խոսքով, վերջին 10 տարվա ընթացքում բժիշկները սկսել են անհամեմատ ավելի շատ հակադեպրեսանտներ նշանակել, չնայած առկա են թերապիայի ավելի խնայող մեթոդներ:   Անգլիայում անցյալ տարի հակադեպրեսանտների   57 դեղատոմս է գրվել, ինչը երկու անգամ ավելի է, քան 2004-ին: Հետազոտողները համոզված են, որ շատ հիվանդներ կարող էին հոգեթերապիան նախընտրել, սակայն ուղղակի հնարավորություն չունեն կամ էլ դեպրեսիայի բուժման այդ տարատեսակը մատչելի չէ նրանց համար: