Շատերը խնձորն ամենաօգտակար միրգն են համարում, պարզվում է` այն պակաս օգտակար է. օրական ընդամենը մի տանձ ուտելն օգնում է քաշը նորմայի սահմաններում պահել եւ մարդուն պաշտպանում է ճարպակալումից: Այդ մասին տեղեկացնում են Լուիզիանայի Պետական Համալսարանի հետազոտողները, որոնք ուումնասիրել են գրեթե 25 000 մարդու վերաբերյալ տվյալներ, որոնք հավաքվել էին 2001-ից 2010-ի ընթացքում:

Պարզվել է, որ տանձի սիրահարներն ավելի սլացիկ էին, քան նրանք, ովքեր այլ մրգեր էին նախընտրում եւ գործնականում տանձ չէին ուտում: Նրանց շրջանում, ովքեր կանոնավոր կերպով տանձ էին ուտում, 35 տոկոսով պակաս էին ճապակալումից տառապողները: 

Բժիշկ Քերոլ Օ’Նիլը եւ նրա գործընկերները նաեւ ցույց են տվել, որ տանձի սիրահարներն ընդհանուր առմամբ ավելի առողջ ապրելակերպ էին վարում. քիչ էին ծխում եւ ալկոհոլ օգտագործում, բազմազան սնունդ էին ընդունում` սննդից  ավելի շատ վիտամիններ եւ ցանցենի ստանալով: Ինչ վերաբերում է նատրիումի, ավելացված շաքարի եւ ճարպերի քանակությանը, նրանց սննդում դրանք պակաս էին, քան այն մարդկանց մոտ, ով հազվադեպ էր տանձ ուտում:  

Տանձը հարուստ է ցանցենիով եւ С վիտամինով, իսկ միջին պտուղը հարյուր կալորիայից պակաս է պարունակում: Հետազոտողները ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ հենց ցանցենին է դրականորեն ազդում քաշի վրա. այն հագեցման զգացում է առաջացնում: Հայտնի է նաեւ, որ ցանցենու կանոնավոր օգտագործումը նվազեցնում է  2-րդ տեսակի շաքարախտի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը:  

Հետազոտողներն իհարկե պարզել են, որ ամերիկացիների սոսկ 2 տոկոսն է ամեն օր տանձ ուտում: Գիտնականների կարծիքով, այդ միրգը պետք է ամեն մարդու սննդակարգի մաս դառնա: